Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ


ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից մեկ օր անց՝ երեկ, հանրապետական Դոնալդ Թրամփին նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը շնորհավորեց՝ «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ։

«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նրան Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես արդեն ասել եմ, որ մենք աշխատելու ենք ցանկացած ղեկավարի հետ, ում կվստահեն ամերիկացիները», - ասել է Պուտինը:

Թրամփ - Պուտին հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդվել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, նման հնարավորությունը չի հերքել, չի բացառել նաև, որ զրույցի ընթացքում հնարավոր է՝ կողմերը ուկրաինական պատերազմը քննարկեն։

«Դա չի նշանակում, որ Պուտինը պատրաստ է ընդունել Թրամփի պահանջները․ Ռուսաստանի նպատակները Ուկրաինայի հարցում մնում են անփոփոխ», - ասել է Պեսկովը։

Պուտինն էլ պնդել է, թե հիմա՝ նախագահության երկրորդ փուլում արդեն Թրամփն առավել ազատ կլինի իր քաղաքականության և որոշումների հարցում։

«Առաջին նախագահության ժամանակ տպավորություն էր, որ նրան թույլ չեն տալիս աջ կամ ձախ քայլ անել, ավելորդ բառ ասել։ Հիմա չգիտեմ՝ նա ինչ կանի, գաղափար չունեմ, բայց սա նրա վերջին ժամկետն է։ Եվ այն, ինչ ասվել է հրապարակավ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության, ուկրաինական ճգնաժամը ավարտելու մասին, իմ կարծիքով, առնվազն արժանի է ուշադրության», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, թե Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կարող է մեկ զանգով՝ 24 ժամում կանգնեցնել պատերազմը։ Առայժմ նա միայն Ուկրաինայի նախագահին է հետ է զրուցել։ Երեկ նա այդ մասին խոսել է NBC News-ին տված հարցազրույցում՝ առանց մանրամասները ներկայացնելու։

Զելենսկին, մինչդեռ, երեկ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը հարկ է համարել ընդգծել՝ պատերազմի արագ ավարտը կարող է կորուստներ բերել Ուկրաինային։

«Ես հավատում եմ, որ նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է արագ լուծում, բայց դա չի նշանակում, որ դա տեղի կունենա։ Ես վստահ եմ, որ պատերազմի արագ ավարտը կորուստ է Ուկրաինայի համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին կրկին պնդել է՝ Պուտինին կարելի է զսպել «միայն ճնշման միջոցով», ընդգծելով, որ «պատերազմը տեղի է ունենում ուկրաինական հողում», և միայն Ուկրաինան պետք է որոշի՝ «ինչ պետք է լինի և ինչ չպետք է լինի այս պատերազմի ավարտի օրակարգում»։

Գագաթնաժողովին մասնակցող եվրոպացի առաջնորդների մեծ մասը շեշտել են՝ աջակցությունն Ուկրաինային պետք է շարունակվի։

Հավաքը հյուրընկալող Հունգարիայի վարչապետը, մինչդեռ, որ հայտնի է թե՛ Պուտինի, թե՛ Թրամփի հետ սերտ հարաբերություններով, պնդել է՝ Ուկրաինան արդեն պարտվել է պատերազմում, Ամերիկան էլ շուտով կդադարեցնի աջակցությունը։

«Եվրոպան չի կարող միայնակ ֆինանսավորել այս պատերազմը։ Ոմանք ուզում են, ոմանք շարունակում են հսկայական գումարներ ուղարկել այս՝ պարտված պատերազմին, բայց գնալով ավելանում է նրանց թիվը, ովքեր նախկինում բարձրաձայն հայտարարություններ էին անում, իսկ հիմա լռում են, կամ ովքեր զգուշորեն ասում են, որ մենք պետք է համակերպվենք նոր իրավիճակին», - հայտարարել է Վիկտոր Օրբանը:

Թրամփի աշխատակազմից առայժմ որևէ մեկը պաշտոնապես չի հայտարարել, թե մտադիր են ամբողջովին կտրել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Նման մտահոգություններ, սակայն, կան․ The Washington Post-ը ընտրություններից առաջ գրել էր՝ Եվրամիությունում դիվանագետների ու պաշտոնյաների հատուկ խմբեր են ստեղծվել՝ որոշելու՝ ինչ պետք է անել, եթե Թրամփն, այնուամենայնիվ, որոշի Ամերիկան տանել մեկուսացման։

XS
SM
MD
LG