Մատչելիության հղումներ

Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ հանդիպումն է, մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Լրացված

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բուդապեշտ, 7-ը նոյեմբերի, 2024թ.
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բուդապեշտ, 7-ը նոյեմբերի, 2024թ.

Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաքում է հավաքել տասնյակ առաջնորդների։ Բուդապեշտում է նաև Հայաստանի վարչապետը:

Կառավարության լրատվականի տարածած տեսանյութից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանը ոտքի վրա կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։

Էմանյուել Մակրոնն էլ քննարկման ժամանակ ունեցած ելույթում կարճ անդրադարձել էր հայ - ադրբեջանական հարաբերություններին ու հույս հայտնել, որ Երևանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել:

Լուսանկարներում երևում է նաև, որ Փաշինյանը Թուրքիայի, Վրաստանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների ղեկավարների հետ մի քանի բառ է փոխանակում։

Ադրբեջանը հրավիրվածների ցանկում է, բայց Իլհամ Ալիևն այս անգամ եվրոպական հավաքին չի մասնակցել։

Այս տարվա հուլիսին Լոնդոնում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, սակայն, Ալիևը մասնակցել էր։ Այն ժամանակ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ - ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։

Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակում ելույթ է ունեցել «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Փակ ձևաչափով միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի, Լատվիայի առաջնորդները: Հայաստանի վարչապետը նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ:

Իսկ Հունգարիայում մայրաքաղաքում այսօր քննարկում էին Եվրոպայի անվտանգության մարտահրավերները, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Մերձավոր Արևելքի հակամարտությունը։

Հավաքին շտապող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից լրագրողները հիմնականում Ուկրաինայի մասին հարցրեցին՝ հաշվի առնելով ամերիկյան ընտրությունների արդյունքները։ Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է Ուկրաինային հատկացված աջակցության չափն ու ձևը, քարոզարշավի ընթացքում էլ հաճախ էր կրկնում՝ նախագահ ընտրվելու դեպքում արագ կավարտի արդեն երկու տարուց ավելի շարունակվող պատերազմը։

Եվրոպական խորհրդի նախագահը վստահեցրեց՝ Եվրոպան ու ԱՄՆ-ի նոր իշխանությունը կշարունակեն համագործակցել:

«Եվրամիությունը հստակ դիրքորոշում ունի։ Մենք ուզում ենք ուժեղացնել Ուկրաինան, քանի որ հասկանում ենք՝ դրանով ինքներս մեզ կուժեղացնենք։ Մենք լավ գիտակցում ենք, որ առանձին-առանձին թույլ կլինենք Ռուսաստանի պես ավտորիտար ռեժիմի դեմ, որը միջազգային կարգը վտանգի տակ է դնում։ Ես վստահում եմ ամերիկյան հասարկությանը, և նրանք հասկանում են, որ սա նաև իրենց շահերից է բխում։ Պետք է ցույց տանք մեր ամրությունը։ Եթե ԱՄՆ-ը թուլություն ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ, ի՞նչ կլինի Չինաստանի հետ», - ասաց Միշելը:

«Ամերիկացիներն ընտրեցին Թրամփին, նա է նախագահը», - միջանցքային հպանցիկ զրույցում ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատասխանեց լրագրողներին։ Եվս մեկ անգամ շնորհավորելով Թրամփին Սպիտակ տուն վերադառնալու համար, լրջագույն հաջողություն որակելով նաև ԱՄՆ օրենսդիր մարմնում հանրապետականների հաղթանակը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծեց՝ պետք է նստի ու Թրամփի հետ լուրջ զրուցի՝ հաշվի առելով, թե ինչ դերակատարություն է այսօր ստանձնում Հյուսիսային Կորեան ռուս - ուկրաինական պատերազմում։

«Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանը հաջողություն արձանագրի Ուկրաինայում, դա վտանգի տակ է դնում ոչ միայն Եվրամիությունը, բայց նաև ԱՄՆ-ը։ Մենք պետք է գիտակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև՝ Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի վտանգը», - հայտարարեց Ռյուտեն:

Եվրոպան այսօր ուժե՞ղ է, հարց նետեցին Թուրքիայի նախագահին: Ռեջեփ Էրդողանը ժպտաց ու կարճ կապեց՝ տարօրինակ հարց է այսօրվա համար, օրակարգում հիմա ամերիկյան ընտրությունների արդյունքներն են։

XS
SM
MD
LG