Մատչելիության հղումներ

Թրամփի թիմն Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու նոր առաջարկ է պատրաստել. WSJ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, արխիվ

Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր խոսքով, հրաշալի հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում, կողմերը պայմանավորվել են պահպանել ու զարգացնել համագործակցությունը։

«Հիանալի զանգ եմ ունեցել նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան պատմական և ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ, որը հնարավոր դարձավ նրա զարմանալի քարոզարշավի շնորհիվ», - հայտարարել է նա։

Երեկ նա առաջիններից էր շնորհավորել Դոնալդ Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ X-ում արած գրառման մեջ նշելով. «Ուժեղ և անսասան ամերիկյան առաջնորդությունը կենսական նշանակություն ունի աշխարհի ու արդար խաղաղության համար»։

Թրամփ-Պուտին զրույցի մասին պաշտոնապես դեռ չի հաղորդվել, քարոզարշավի ժամանակ, սակայն, հանրապետական առաջնորդը բազմիցս հայտարարել է, թե ընտրվելու դեպքում կարող է 24 ժամում՝ մեկ զանգով կանգնեցնել պատերազմը։ Ի՞նչ պայմաններով, ո՞ր կողմի զիջումների հաշվին՝ այս հարցերն են այսօր լրատվամիջոցների վերնագրերում։

Արևմուտքը պետք է մարտական գոտում ստեղծված իրավիճակի պայմաններով սկսի բանակցությունները. Շոյգու

Այսօր հնարավոր բանակցություններից նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է խոսել. - «Եթե Եվրամիությունից ստանանք քննարկման արժանի առաջարկներ, պատրաստ կլինենք դրանք լսել։ Այսօր, սակայն, Բրյուսելից և, ինչպես իրենք են ասում, միասնական Եվրոպայի այլ մայրաքաղաքներից մենք միայն լսում ենք, որ Զելենսկու բանաձևն այլընտրանք չունի, իսկ այդ բանաձևը փակուղի է տանում»։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ այսօր հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ընդունի մարտական գոտում ստեղծված իրավիճակը և այդ պայմաններով սկսի բանակցությունները ՌԴ-ի հետ։

«Այժմ, երբ ռազմադաշտում իրավիճակը ձեռնտու չէ Կիևի ռեժիմին, Արևմուտքը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել ֆինանսավորել Ուկրաինային և ոչնչացնել բնակչությունը, թե՞ ճանաչել ներկա իրողությունները և սկսել բանակցություններ», - ասել է նա։

Wall Street Journal-ն իր հերթին հայտնել է, որ Թրամփի թիմը ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու նոր առաջարկ է պատրաստել, որի համաձայն, մասնավորապես, Ուկրաինան պետք է պարտավորվի առնվազն 20 տարի չանդամակցել ՆԱՏՕ-ին, առաջնագիծն էլ սառեցվի, այսինքն՝ ռուսական կողմի օկուպացրած տարածքները մնան Մոսկվայի վերահսկողության տակ։

Ուկրաինայի նախագահականն առայժմ չի մեկնաբանել այս մասին լուրերը։

Ինքը՝ Թրամփը, նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին առաջին ելույթում կրկին շեշտել էր՝ պատերազմներ չի սկսելու, եղածներն էլ դադարեցնելու է։ Թե կոնկրետ ինչպես, մինչ օրս չի բացահայտել։

XS
SM
MD
LG