Մատչելիության հղումներ

Սիրիայի հայկական համայնքը Հայաստանից աջակցություն է ակնկալում. ըստ Սինանյանի՝ կառավարությունն արձագանքելու հնարավորություն չի ունեցել


35 դոլար՝ սնունդ գնելու և առաջնային կարիքները բավարարելու համար. Հալեպի մոտ 15 հազարանոց հայ համայնքի ամեն ընտանիք հենց այսքան մեկանգամյա աջակցություն է ստացել Բերիո թեմի ազգային առաջնորդարանից՝ Կիլիկիո կաթողիկոսի աջակցությամբ։

Վախի ու անորոշության մեջ հայտնված հալեպահայ համայնքը նաև նյութական լուրջ օգնության կարիք ունի։ Մոտ 2 շաբաթ առանց աշխատանքի մնացած մարդիկ պարզապես սնունդ գնելու հնարավորություն չունեն, երկրում արձանագրված եռապատիկ, քառապատիկ գնաճն էլ ավելի է սրել սոցիալական վիճակը։

Բերիո հայոց թեմի առաջնորդարանի խոսնակ Մարիա Գաբրիելյանը բացատրում է՝ շատերն աշխատում և ապրում էին օրապահիկով, իսկ հիմա երկրում ստեղծված քաոսային իրավիճակի պատճառով գումար վաստակելու հնարավորություն չունեն։ Արհեստանոցները նոր - նոր են սկսել բացվել, բայց հասկանալի պատճառներով պատվերներ դեռ չկան։

Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակն ընդունելով, որ իրենց օժանդակությունը շատ քիչ է, այն հազիվ մի քանի օրվա համար բավարարի, հարց է ուղղում Հայաստանի կառավարությանը՝ արդյոք կարո՞ղ են Երևանից էլ որևէ աջակցություն ակնկալել։

«Մենք կուզենք դուք հարցնեք Հայաստանի կառավարությանը, թե ինչ ձևերով կարող է օժանդակեն սիրիահայերին, մենք էլ տեղեկանանք», - ասաց Գաբրիելյանը նշելով՝ Հայաստանի կառավարությունից ֆինանսական աջակցություն առայժմ չեն ստացել։

Իրավիճակը Սիրիայում շատ արագ էր զարգանում, կառավարությունը նույնիսկ արձագանքելու հնարավորություն չի ունեցել. Սփյուռքի հանձնակատար

Սիրիայում շուրջ երկու շաբաթ ծավալվող դրամատիկ իրադարձությունների ընթացքում Հայաստանի կառավարությունը որևէ կերպ աջակցե՞լ է հայ համայնքին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն «Ազատության» հետ զրույցում նշում է՝ իրադարձություններն այնքան արագ են զարգացել, որ անգամ արձագանքելու հնարավորություն չի եղել։

«Էնպես չի, որ կառավարությունը կարող է ինչ-որ բան անել ու չի անում, իրավիճակը շատ արագ էր զարգանում, հեղհեղուկ էր, և կառավարությունը, ինչպես բոլորը, նույնիսկ արձագանքելու հնարավորություն չի ունեցել իրատեսական», - նշեց Սինանյանը:

Դամասկոսից դեպի Երևան չվերթը ավիաընկերությունը դեռ չի չեղարկել. Սինանյան

Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ օրինակ, Հալեպից Դամասկոս փախած 14 ընտանիքների համար տոմսեր էին ձեռք բերել, որպեսզի նրանք կարողանային Դամասկոսից դեկտեմբերի 14 -ին մեկնել Երևան, բայց զինյալների կողմից Սիրիայի մայրաքաղաքը վերցնելուց հետո իրավիճակը փոխվեց։ Ըստ Սինանյանի՝ դեկտեմբերի 14-ին Դամասկոսից դեպի Երևան չվերթը ավիաընկերությունը դեռ չի չեղարկել։

«Ի զարմանս մեզ, այս պահին առնվազն թվային ձևով երևում է, որ չվերթը տեղի է ունենալու», - ասաց Սինանյանը:

Սփյուռքի հանձնակատարն ասում է, որ հենց այդ չվերթից 24 ժամ առաջ և հետո, պարզ կլինի, թե ինչպիսի տրամադրություններ կան Հալեպում և Դամասկոսում, մարդիկ ուզո՞ւմ են Հայաստան տեղափոխվել, թե՝ ոչ։

Ամեն դեպքում Սինանյանը վստահեցնում է՝ Լիբանանում Հայաստանի դեսպանատան թեժ գծին զանգահարող սիրիահայերի թիվը վերջին օրերին կտրուկ նվազել է, մարդիկ հիմնականում զանգահարում են երկրից դուրս գալու, հայկական անձնագրերի, քաղաքացիությանն առնչվող հարցերով։

«Այս պահին Սիրիայից դուրս գալ ցանկացողների թիվ չունենք, որովհետև այն մարդիկ, ովքեր մեզ դիմել էին, ում ցուցակագրել էինք, կարծես հետաքրքրված չեն դրանով», - ասաց Զարեհ Սինանյանը:

Բերիո հայոց թեմի առաջնորդարանի խոսնակը մինչդեռ պնդում է՝ իհարկե կան ընտանիքներ, որ ցանկանում են տեղափոխվել Հայաստան. - «Վստահաբար կգտնվեն ընտանիքներ, որոնք սարսափի և անորոշության մթնոլորտի մեջ չեն ուզում ապրել։ Չգիտեի, որ նրանց տոմսերն ապահովել են։ Ինչքան գիտեմ, մարդիկ անձնական միջոցներով են ապահովել տոմսերը»:

Որքանո՞վ էր ճիշտ, որ Սիրիայում Հայաստանի դեսպանն ու հյուպատոսը լքեցին երկիրը

Որքանո՞վ էր ճիշտ, որ հայ համայնքի համար այդ ծանր իրավիճակում Սիրիայում Հայաստանի դեսպանն ու հյուպատոսը լքեցին երկիրը և տեղափոխվեցին Բեյրութ։ Զարեհ Սինանյանը դժվարանում է այս հարցին պատասխանել, նշելով, թե այդ որոշման կայացմանը ինքը չի մասնակցել։ Ամեն դեպքում համոզված է, որ եղել են պատճառներ։

«Ես չգիտեմ՝ կա՞ր ռիսկ, որ զինյալները քաղաք մտնելիս կարող էին որոշ երկրների դիվանագիտական անձնակազմը թիրախավորել, չեմ տիրապետում այդ տեղեկություններին», - ընդգծեց նա:

Թե՛ Սփյուռքի հանձնակատարը և թե՛ Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակը նշում են՝ հայկական համայնքում խուճապային տրամադրությունները վերջին օրերին մեղմվել են։ Հարյուրավոր հայեր, ովքեր Հալեպից փախել էին Դամասկոս, ապա նաև Հոմս, այժմ վերադառնում են իրենց տներ։ Մարդիկ այժմ անորոշության մեջ ուզում են հասկանալ՝ ինչ ապագա է իրենց սպասում։

XS
SM
MD
LG