Մատչելիության հղումներ

Սև ցուցակում գտնվող Սիրիայի նոր իշխանավորներն արևմտյան երկրներին երկընտրանքի առաջ են կանգնեցրել 


Դամասկոսի նշանավոր Օմայադ մզկիթում ելույթ է ունենում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, 8-ը դեկտեմբերի, 2024թ.
Դամասկոսի նշանավոր Օմայադ մզկիթում ելույթ է ունենում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիական կառավարության դրամատիկ փլուզումից հետո փոշին դեռ օդում է, արևմտյան մի շարք կառավարություններ արդեն ակնարկում են, որ բաց են աշխատելու Սիրիայի իշխանության ղեկը ստանձնող զինյալների հետ, որոնց անցյալում ահաբեկիչ են ճանաչել։

Եվրոպական երեք առանցքային մայրաքաղաքներում չեն բացառել, որ կարող են վերանայել իրենց դիրքորոշումը «Հայաթ Թահրիր աl-Շամ»-ի՝ սև ցուցակում ընդգրկված իսլամիստական զինյալների խմբավորման հարցում, որը դարձել է Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման հիմնական դերակատարներից մեկը։

Ահաբեկչական ճանաչված սիրիական խմբավորումների նկատմամբ վերաբերմունքի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները հաջորդում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությանը․ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ խմբավորման հռետորաբանությունը փոխվել է, քանի որ ձգտում է իրեն հեռու պահել «Ալ-Քայիդայի» հետ ունեցած նախկին կապերից։

«Քանի որ նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են ստանձնում, մենք կգնահատենք ոչ միայն նրանց խոսքերը, այլև՝ գործերը»,- հայտարարել է ԱՄՆ-ի առաջնորդը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը, սակայն, քիչ բան է ասում այն մասին, թե ինչպես կարող է փոխվել Սիրիայի նկատամամբ վերաբերմունքը իր կառավարման օրոք, թեև հենց նրա վարչակազմն էլ ստիպված կլինի որոշել, թե ինչ դիրքորոշում պետք է ընդունի Վաշինգտոնը Սիրիայի հարցում։

«Հնարավոր է տեսնենք որոշակի դինամիկա, ինչպիսին տեսել ենք Սուդանի հարցում՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց պատժամիջոցների մեղմում։ Այնպես որ հորիզոնում շատ մեծ հարցեր կան, և ես նույնիսկ վստահ չեմ, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամն» անպայման ունի պատասխաններ [այս փուլում]»,- նշում է Արևելքի և Հարավային Ասիայի հարցերով փորձագետ Ֆաթիմա Այուբը:

Սիրիայի քաղաքացիները ծածանում են հեղափոխական դրոշը՝ նշելով ապստամբների կողմից քաղաքի գրավման երկրորդ օրը, Դամասկոս, 9-ը դեկտեմբերի, 2024թ․
Սիրիայի քաղաքացիները ծածանում են հեղափոխական դրոշը՝ նշելով ապստամբների կողմից քաղաքի գրավման երկրորդ օրը, Դամասկոս, 9-ը դեկտեմբերի, 2024թ․

Ակնհայտ է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո Սիրիայում առաջատար խաղացող խմբավորման դիրքն արևմտյան կառավարություններին երկընտրանքի առաջ է կանգնեցնում:

Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան-Նոել Բարոն դեկտեմբերի 8-ին France Info ռադիոկայանի հետ զրույցում նշում էր, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամը» «իսլամիստական շարժում է», որը պետք է «ի ցույց դնի ծայրահեղականությունից, իսլամիզմից և ջիհադիզմից ձերբազատվելու իր անկեղծ ցանկությունը»: Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի պաշտոնակատարը միաժամանակ հավելել է, որ առաջիկա օրերին Փարիզի դեսպանորդը կմեկնի Դամասկոս։

Նույն երկիմաստ դիրքորոշումն ունի Գերմանիան։ Արտգործնախարարության խոսնակ Սեբաստիան Ֆիշերը հայտարարել է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամի»՝ իր անցյալից հեռանալու քայլերը կգնահատվեն ըստ քաղաքացիական անձանց և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խմբավորման վերաբերմունքի:

Մարդիկ քայլում են փողոցներում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո, Դամասկոս, 9-ը դեկտեմբերի, 2024թ․
Մարդիկ քայլում են փողոցներում Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումից հետո, Դամասկոս, 9-ը դեկտեմբերի, 2024թ․

Բրիտանական կառավարության ներկայացուցիչ Փեթ Մաքֆադենն էլ հայտարարել է, որ անհրաժեշտ է «արագ որոշում» ընդունել «Հայաթ Թահրիր ալ-Շամին» կառավարության կողմից կազմված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հեռացնելու վերաբերյալ:

Մինչ այդ դեռևս հստակ չէ, թե ինչ դեր կխաղա «Հայաթ Թահրիր ալ-Շամը» Սիրայում։

«Կարծում եմ, որ Արևմուտքը պետք է գործ ունենա տեղում նոր իրականության հետ։ Պետք է հստակ նշաձողեր սահմանեն «Հայաթ Թահրիր ալ-Շամի» համար, և դրանք կատարվելու դեպքում կարող են վերանայել իրենց պատժամիջոցները/նշումները, որոնք միայն կխոչընդոտեն Սիրիայում խաղաղությանն ու անվտանգությանը» ,- ընդգծում է Միջազգային ճգնաժամային խմբի ավագ խորհրդական Դարին Խալիֆան:

Դամասկոսի նշանավոր Օմայադ մզկիթում ելույթ է ունենում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, 8-ը դեկտեմբերի, 2024թ.
Դամասկոսի նշանավոր Օմայադ մզկիթում ելույթ է ունենում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Նման մոտեցումը կտարբերվի Թալիբանի կողմից կառավարվող Աֆղանստանի նկատմամբ մոտեցումից: Արևմտյան կառավարությունները խիստ վերապահումներ ունեն Թալիբանի հարցում՝ շարունակելով դատապարտել ծայրահեղական խմբավորման կողմից մարդու իրավունքների համատարած խախտումները, կանանց նկատմամբ խիստ սահմանափակումները։

«Ես չեմ տեսնում, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամին» նմանատիպ արգելքներ սահմանի օրինակ ՝թույլ չտա աղջիկներին դպրոց հաճախել։ Կարծում են, նրանք ավելի չափավոր են, քան թալիբները», - շեշտում է վերլուծաբան Այուբը։

Եվ չնայած Արևմուտքը զգուշորեն փոխում է իր վերաբերմունքը «Հայաթ Թահրիր ալ-Շամի» նկատմամբ, միաժամանակ հասկացնում է, որ վստահության պակաս ունեն։ Նախագահ Բայդենը հիշեցրել է՝ խմբավորումը «մարդու իրավունքների և ահաբեկչության մռայլ պատմություն ունի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG