Դեկտեմբերի 14 - ին սիրիական «Ալ Շամի» ավիաընկերության օդանավով Հայաստան կգան սիրիահայեր, որ ապաստանել են Դամասկոսում ու այլ շրջաններում:
«Ակնկալում ենք, որ 10 օր անց առաջին խումբը կգա Հայաստան, կապի մեջ ենք նաև ավիաչվերթն իրականացնող ընկերության հետ, պատրաստակամ են շարունակել, եթե անհրաժեշտությունը լինի: Մյուս կողմից կարծում եմ հասկանալի է, որ մտահոգություն ունեն նաև մյուս շրջանների հայ բնակչությունն ու այստեղից ևս ակնկալում ենք, որ որոշ քանակի հայրենակիցներ կգան Հայաստան», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ սա Հալեպ-Երևան փոփոխված թռիչքն է, մարդիկ ցանկանում էին Հայաստան գալ ամանորյա տոների առթիվ։ Հիմա Հալեպը շրջափակման մեջ է։ Այս չվերթով կարող են տեղափոխվել միայն քաղաքից առաջին օրերին դեպի Դամասկոս, Լաթաքիա, այլ բնակավայրեր հեռացած փոքրաթիվ հալեպահայերը։ Քաղաքից տարհանում դեռ հնարավոր չէ, շեշտում է Ալեքսանյանը, Հալեպի օդանավակայանը նույնպես ծայրահեղ իսլամիստների հսկողության տակ է:
Քաղաքը ծանր շրջափակման 5-րդ օրն է փակում։ Ամենուր, նաև հայկական՝ Նոր գյուղ, Սուլեյմանիե, Ազիզիե թաղամասերում ապստամբ իսլամիստներն են։
Մտահոգիչն, ըստ Հալեպի «Գանձասար» թերթի խմբագրի, թուրքական ներկայությունն է։ Այսօր ասում է՝ թուրք լրագրողներն էին քաղաքում շրջում, նկարահանում։
Հալեպահայերի խնդիրներով տեղի ազգային կառույցներն են զբաղվում, հյուպատոսը Դամասկոսում է, Հալեպի հյուպատոսարանը՝ փակ։
Բերիո Թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանը շեշտում է՝ փորձում ենք աջակցել համայնքին ինչով կարող են, բայց ասում է՝ անորոշությունը մեծ է, պետական ոչ մի հաստատություն չի գործում:
«Երկու սուրերի մեջ ենք», - ձևակերպում է սրբազանը, բայց ընդգծում՝ բռնություններ ճնշումներ չկան:
«Հինգ օր է՝ այս վիճակի մեջ ենք և բռնության ու ճնշումի մասով մասնավոր դժվարություն չունենք», - ասաց նա:
«Կազմակերպված համայնք ու թեմ ենք», - շեշտում է Մակար Սրբազանը։
Այսօրվանից սուրբ Աստվածածին եկեղեցում սկսել են բաժանել Արամ Առաջին վեհափառի ուղարկած գումարը՝ Հալեպի բոլոր հայ ընտանիքների համար։ «Հուսահատ չենք», - ամփոփում է թեմի առաջնորդը։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.