Մատչելիության հղումներ

Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքին բարձրացվել է Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը


Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից 2 օր անց Հայաստանում Սիրիայի դեսպանատունը բարձրացրեց Սիրիայում իշխանությունը վերցրած զինյալների դրոշը։ Այն նախկինից շատ չի տարբերվում, պարզապես դրոշի կարմիր հատվածը փոխարինվել է կանաչով։

Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը շենքի վրայից իջեցվել էր դեկտեմբերի 8-ին, շուրջ 24 տարի Սիրիան ղեկավարած Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ալ Ջուլանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո։

Պաշտոնական Երևանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին։ Անվտանգության նկատառումներով Դամասկոսում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմը դեռ կրակի օրն էր հեռացել Սիրիայից և աշխատանքները շարունակում է Բեյրութից։ Հայաստանի քաղաքացիների հետ կապն այս պահին պահպանվում է Բեյրութում գործող թեժ գծի միջոցով։

Այսօր մենք զանգահարեցինք այդ հեռախոսահամարով, սակայն դեսպանատան աշխատակիցը հրաժարվեց ասել, թե ինչ խնդիրներով են Սիրիայում գտնվող մեր հայրենակիցները զանգահարում Լիբանան։

Բեյրութում գործող թեժ գծից առաջ, մինչև Սիրիայում զինյալների կողմից իշխանությունը վերցնելը, թեժ գիծ էր գործում նաև Դամասկոսում Հայաստանի դեսպանատանը։ Այդ հեռախոսին պատասխանող Դամասկոսի դեսպանատան աշխատակիցներից մեկն «Ազատության»-ը փոխանցեց, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը փակ է, դեռ չգտեն՝ երբ կրկին կբացվի։ Ինքը տանից է պատասխանում թեժ գծի հեռախոսազանգերին, եթե կարողանում է, օգնում է Դամասկոսի կամ Հալեպի հայերին։

Դեսպանատան աշխատակցի փոխանցմամբ՝ տանից դեռ դուրս չեն գալիս՝ անվտանգության նկատառումներով։ Իրավիճակն, ըստ նրա, Դամասկոսում այսօր հանդարտ է, բայց թե հետո ինչ կլինի, չեն կարող ասել։

Դամասկոսում բնակվող սիրիահայ կինն ասաց, թե բոլորն էլ վախենում են, երկրում մեծ փոփոխություններ են, որոշ ժամանակ հետո կարող են ասել, թե ինչ է լինելու։ Հարցին՝ արդյոք սիրիահայերին փոքր-ինչ սփոփե՞լ է զինյալների խոստումը, թե հայ համայնքին վտանգ չի սպառնում, ներկայանալ չցանկացած սիրիահայ կինը պատասխանեց՝ այդ ամենը խոսքեր են, իրականում պետք է տեսնեն, թե ինչ է տեղի ունենում։

Արթուր Խաչատրյանն անթույլատրելի է համարում, որ Հայաստանի դեսպանության աշխատակիցները հեռացել են Սիրիայից

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անթույլատրելի է համարում, որ Սիրիայում Հայաստանի դեսպանության աշխատակիցները հեռացել են այդ երկրից ու աշխատում են Լիբանանից. - «Ոչ թե պետք է Հայաստանի հյուպատոսն ու դեսպանը ծլկեին Սիրիայից առաջինը, այլ պետք է մնային ու փորձեին ապահովել հայ համայնքի կյանքն ու անվտանգությունը»:

Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը պետք է պատասխանատվություն զգա ոչ միայն կապույտ անձնագիր ունեցող Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի նկատմամբ։

«Հյուպատոսը Հալեպում էր, հայ համայնքի պատճառով էր հյուպատոսն այնտեղ նստած, հիմա համայնքը կա, ո՞ւր փախավ, ինչո՞ւ գնաց, նույնը և դեսպանը», - ասաց Խաչատրյանը:

Դաշնակցական պատգամավորը հույս է հայտնում, որ համաձայնությունը, որը ձեռք բերվել Սիրիայի նոր իշխանության և հայ համայնքի միջև, կպահպանվի, և սիրիահայերի անվտանգությունը կապահովվի։ Ինչ վերաբերում է Սիրիայից դուրս գալու ցանկություն ունեցող հայերին տարհանելու խնդրին, ապա Արթուր Խաչատրյանն ասում է, թե իրենց ունեցած տեղեկություններով այս պահին մարդկանց տեղափոխումը տեխնիկապես հնարավոր չէ։ Ընդհակառակը, տեղի հայկական կառույցները սիրիահայերին կոչ են արել փողոց դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, քանի որ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ։

«Ղեկավարներն են բանակցում, բայց ներսում, ստորին մակարդակների վրա դեռ չգիտենք ինչ տեղի կունենա, այնպես որ հիմա ավելի շուտ պետք է մարդիկ հնարավորինս քիչ երևան փողոցներում», - նշեց Խաչատրյանը:

Իշխանական պատգամավորներն այսօր խուսափում էին խոսել Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումներից ու հայ համայնքի անվտանգությանն առնչվող հարցերից։ Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է զգուշավոր լինեն իրենց հայտարարություններում, քանի դեռ հայտնի չէ, թե Սիրիայի նոր իշխանությունը ինչպիսի կազմ կունենա։

XS
SM
MD
LG