Մատչելիության հղումներ

«Սիրիայում մարդիկ շատ դեպքերում ուրախ են, բոլորը հոգնել են պատերազմից». Արաքս Փաշայան


Սիրիայում հայերն առայժմ ապահով են և որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Արաքս Փաշայան:

«Ազատություն». - Այս նոր իշխանությանն ինչպե՞ս կբնորոշեք, նրանք վաղուց որպես ահաբեկիչներ արևմտյան պատժամիջոցների ցուցակներում էին: Եվ ստացվում է, որ այս նոր կերպարանքով համոզել են Միացյալ Նահանգներին, որ այլևս ծայրահեղական չեն:

Փաշայան. - Միջազգային պրակտիկայում շատ դեպքեր կան, որ ահաբեկչական նշանակություն ունեցող կառույցները կամ ռադիկալ ուղղվածություն ունեցող կազմակերպությունները վերափոխվում են և նոր իմիջով են հանդես գալիս: Նույնը պատահեց նաև «Հայաթ Թահրիր աշ Շամ»՝ Սիրայի ազատագրության կազմակերպության ղեկավարի հետ կապված: Շատ երկար կենսագրություն ունի էդ իսլամիստական ռադիկալ խմբավորումների գործողություններում կամ կենսագրությունն է, կարելի է ասել, այդ առումով 2003-ից է սկսում, երբ որ Ջուլանին մասնակցում էր Իրաքում իսլամիստական ջիհադական շարժումներին ԱՄՆ-ի դեմ: Հետագայում անդամագրվել է «Ալ քաիդա»-ին, «Իսլամական պետությանը»:

Շատ ռադիկալ ելույթներ էր ունենում 2014-ին, նշելով այն մասին, որ նույնիսկ քրիստոնյաներին ու ալավիները տեղ չունեն Սիրիայում, իսկ 2016-ից հետո կարծես կտրեց իր կապերը, թե՛ «Իսլամական պետության», թե՛ «Քաիդա»-ի հետ, և հիմա կարելի է ասել, որ Ահմեդ ալ-Շարաան սիրական ազգայնական ներկայացող է, ով պնդում է Սիրիայի վերականգնման մասին, Սիրիայում բոլոր խմբերի խաղաղ գոյակցության, միջազգային հարաբերություն Սիրիայի դերը բարձրացնելու և այլնների: Նույնիսկ հայ համայնքի հետ կապված ուզում եմ նշել, որ նրանք տալիս են անվտանգային երաշխիքներ և տեսաք, որ էս իշխանափոխման ընթացքում խաղաղ բնակչությանը գոնե սպառնալիքներ կամ բռնության գործողություններ չեղան:

«Ազատություն». - Կարծում եք, դա երկարաժամկետ հեռանկար ունի՞, հայ համայնքն ի՞նչ ապագա ունի, առանց այն էլ լավ օրեր չէր ապրում այս տարիներին արդեն:

Փաշայան. - Դժվար է ասել, թե առաջիկայում ինչ կարող է լինել, կանխատեսումներ, կարծում եմ, դժվար է անելը, բայց առայժմ ապահով են և որոշակի պայմանավորված են ձեռք բերել: Մարդիկ շատ դեպքերում ուրախ են, տոնում են հաղթանակը, տեսա, որ փողոցներում են, նշում են: Գիտեք, բոլորը հոգնել են պատերազմից. Սիրիան վերջին տարիներին սարսափելի, ծանր սոցիալ տնտեսական ճգնաժամի մեջ էր ներքաշված: Կարծում եմ, եթե կոշտ և ռադիկալ իսլամական այսպես կուրս վերցնեն, կարողանան ապահովել սոցիալական նպաստավոր միջավայր, անվտանգություն, երկիրն աստիճանաբար դուրս գա այս ճգնաժամից, հնարավոր է, որ իշխանությունները ունենան սիրական հասարակական աջակցությունը:

XS
SM
MD
LG