Սիրիայի նոր իշխանությունները պատրաստվում են պատասխանատվության ենթարկել ուժային կառույցների այն աշխատակիցներին, որոնք կասկածվում են խաղաղ բնակիչների դեմ կտտանքների կիրառման մեջ։ Այս մասին հայտարարել է կիրակի օրը Դամասկոսը գրաված, Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության առաջնորդ Մոհամադ Ալ-Ջուլանին։
«Մենք առանց մի պահ տատանվելու պատասխանատվության կենթարկենք հանցագործներին, հատուկ ծառայությունների աշխատակիցներին ու բանակային սպաներին, որոնք առնչություն ունեն սիրիացի ժողովրդի դեմ կիրառված կտտանքներին։ Մենք հետապնդելու ենք ռազմական հանցագործներին և պահանջելու ենք նրանց արտահանձնումն այն երկրներից, որտեղ նրանք ապաստանել են»,-Սիրիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ալ-Ջուլանին։