Ուրբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Սենա գետով անցան աշխարհի ավելի քան 200 երկրների օլիմպիական թիմերին տեղափոխող նավերը: Դրանց 6 կիլոմետրանոց երթուղին սկսվում էր Աուստերլիցի կամրջի մոտ և ավարտվում Յենի կամրջի մոտ:
Շոուի վրա աշխատել էր ֆրանսիացի ռեժիսոր Թոմա Ժոլին: Արարողության ժամանակ հանդիսատեսներին ցուցադրվեցին Ֆրանսիայի պատմության նշանակալի իրադարձությունները:
Ֆրանսիայում արագընթաց երկաթուղային ցանցում գիշերային հրկիզումների և վնասարարության հետևանքով վաղ առավոտյան խախտվել էր գնացքների երթևեկությունը: Սակայն ո՛չ տրանսպորտային խնդիրները, ո՛չ անձրևային եղանակը չխանգարեցին արարողության անցկացմանը:
Հանդիսականների առջև Սենայի ափին ելույթ ունեցավ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան:
Արարողության ժամանակ խոսքով հանդես եկան Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով հայտարարեց Օլիմպիական խաղերը բացված:
Շքեղ հանդիսության ավարտին վազորդուհի Մարի-Ժոզե Պերեկը և ձյուդոիստ Թեդի Ռիները վառեցին օլիմպիական կրակը: Ապա Սելին Դիոնը կատարեց Էդիտ Պիաֆի Hymne A LʼAmour երգը:
Փարիզի երկինք բարձրացավ օլիմպիական կրակով օդապարիկը՝ որպես հիշեցում 1783 թվականին ֆրանսիացի Մոնգոլֆիե եղբայրների ստեղծած օդապարիկով առաջին թռիչքի:
Ըստ կազմակերպիչների՝ արարողությանը տեղում հետևել է շուրջ 320 հազար մարդ:
Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի խաղերին կմասնակցի անկախության պատմության մեջ ամենափոքր թիմով՝ 15 մարզիկներով։ Նրանցից երեքը մրցապայքարի դուրս կգան այսօր՝ հրաձգության, լողի, բռնցքամարտի մարզաձևերում։
Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին այս տարի թույլ չի տրվել մասնակցել Օլիմպիադային: Այդուհանդերձ, խաղերին կմասնակցեն 15 ռուսաստանցի և 17 բելառուսցի մարզիկներ՝ չեզոք կարգավիճակով: Նրանք չմասնակցեցին բացման արարողությանը:
Բացի այդ, Ռուսաստանը 40 տարվա մեջ առաջին անգամ չի ցուցադրելու Օլիմպիական խաղերը. երկրի հիմնական հեռուստաալիքները հրաժարվել են ձեռք բերել մրցումները ցուցադրելու իրավունք: