Մատչելիության հղումներ

«Սա քո պահն է». կրակե մազերով կրակող աղջիկը՝ օլիմպիական կրակը ձեռքին


Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, hրաձիգ Էլմիրա Կարապետյանն առաջին հայ կին մարզիկն է, ում ձեռքերում հայտնվել է օլիմպիական ջահը:

«Մինչև վերջին վայրկյանն էլ չէի հավատում, որ ես եմ ընտրված, դրա մասին նույնիսկ երազել չես կարող, անհավանական մի բան է», - նշեց նա։

Փարիզ 2024-ի համար այս տարի ձուլված 2000 ջահերից մեկով նա անցել է Փարիզի հյուսիսում գտնվող Վիլեր Կոտրեն համայնքով։ 1.5 կգ կշռող, պողպատե սլացիկ ջահը 200 մետր տանելը հեշտ չի եղել, բայց հուզմունքից «քաշը չի զգացել», «Ազատությանը» Փարիզից պատմում է 30-ամյա մարզիկը։

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի հայ մասնակիցը ապրածն ու զգացածը նկարագրելու համար բառեր դժվարությամբ է գտնում. - «Քաշը չես զգում։ Զգացողությունը, որ էդ պահին զգում ես, ոչ մի բառ չի կարող նկարագրել. մարմինդ փշաքաղվում է, ահավոր հպարտ ես, ուզում ես երկիրդ լավ ներկայացնել, էմոցիաները խառնվում են իրար ու դու փորձում ես վայելել հենց էդ պահը։ Էդ պահը կյանքում մի անգամ է լինում, շատերի կյանքում էլ չի լինում։ Ու դու հասկանում ես, որ էս հենց քո պահն է, պետք է ուղղակի վայելել»։

Էլմիրան 11 հազար ջահակիրներից մեկն է, ում շնորհիվ հունական Օլիմպիա ավանում ապրիլի 16-ին վառված խորհրդանշական կրակը հասել է վերջնակետ Փարիզ։

Պրոֆեսիոնալ հրաձգությամբ զբաղվել սկսել է բավական ուշ՝ 19 տարեկանում, սակայն հաջողել է՝ սեփական ուժերին ունեցած մեծ հավատի շնորհիվ։

10 մ օդամղիչ ատրճանակ մարզաձևում Էլմիրան իր ուժերը կչափի ու մարզական բախտն այս անգամ ֆրանսիական հողում կփորձի հուլիսի 27-ին։ Ամուսինը ֆիզիկապես կողքին կլինի, 2 տարեկան որդին՝ էկրաններից այն կողմ կսատարի։

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ խաղերում Հայաստանը կներկայացնի 15 մարզիկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG