Հնդկաստանը սկսել է «Պինակա» հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստան, տեղեկացնում է հնդկական Indian Defence Research Wing պարբերականը՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։
Շեշտելով, որ «Պինակաների» առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, հնդկական պարբերականը նշում է, որ այդ հրթիռները կարող են խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։
Նշելով, որ Հայաստանը հնդկական զենքի 3 խոշոր գնորդներից մեկն է՝ Ֆրանիսայի և ԱՄՆ-ի հետ միասին, հնդկական պարբերականն այսօր հրապարակված իր հոդվածում նաև տեղեկացնում է, թե «Պինականերով» հետաքրքրված է Ֆրանսիան ևս։
Պինակա՝ Շիվա աստծու աղեղը
Գովաբանելով հնդկական այս զինատեսակի հնարավորությունները՝ լրատվամիջոցը հատուկ շեշտում է՝ «Պինական», հնդկական դիցաբանության համաձայն, Շիվա աստծու աղեղի անվանումն է։ Ըստ լեգենդի՝ հենց այդ կործանիչ աղեղով է Շիվային հաջողվել ոչնչացնել չար դևի քաղաքները։
Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանն ու Հնդկաստանը կնքել էին դեռևս 2 տարի առաջ։ 2022-ին հնդկական կողմը պաշտոնապես հաստատել էր, որ Հայաստանը «Պինակա» ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել, որոնք Դելիից Երևան պետք է տեղափոխվեին առաջիկա երկու տարում:
Այդ մասին հայտնել էր հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ի ղեկավարը։ Վերջինս նշել էր, թե «Պինակա 1»-ի, ընդլայնված հեռահարության «Պինակայի» և կառավարվող «Պինակայի» արտահանման պատվեր են ստացել Հայաստանից։
ՊՆ-ն չի մեկնաբանում
Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։
Ի դեպ, այս առնչությամբ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե օտարերկրյա լրատվամիջոցները շարունակում են Հայաստանի սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև դրա շուրջ բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ տարածել: Այդ պատճառով ռազմական գերատեսչությունը հայստանյան լրատվամիջոցներին հորդորում է նախքան նման նյութերը հրապարակելը ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:
Երևանը բանակցում է 78 միավոր ATAGS հրետանային համակարգերի գնման շուրջ. հնդկական աղբյուր
Չնայած հայկական կողմի լռությանը, հնդկական աղբյուրները շարունակում են նորանոր տեղեկություններ տարածել ռազմական ոլորոտում հայ-հնդկական համագործակցության վերաբերյալ։
Օրերս Indian Defence Research Wing պարբերականը տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ 78 միավոր ATAGS հրետանային համակարգերի գնման շուրջ։ Ըստ պարբերականի՝ այս բանակցությունները հաջորդում են Հայաստանի կողմից ավելի վաղ ձեռք բերված 6 միավոր ATAGS հաուբիցների հաջող փորձարկմանը, որոնք բացառիկ կարողություններ են ցույց տվել հայաստանյան բազմազան լանդշաֆտի պայմաններում, այդ թվում՝ բարձրադիր լեռնային և հարթավայրային տեղանքում, ինչն էլ Հայաստանի իշխանություններին համոզել է ուսումնասիրել այս զինատեսակի ավելի խոշոր քանակի ձեռքբերման հնարավորությունը։
Ըստ պարբերականի՝ ATAGS համակարգերը բացի այն, որ ունեն հեռահար ճշգրտություն, նաև արդեն ունեն հայերենով աշխատող համակարգչային ինտերֆեյս։ Մինչ հնդկական մամուլը պնդում է, թե հնդկական հաուբիցները հաջողությամբ են փորձարկվել Հայաստանում, տելեգրամյան որոշ ալիքներ, որոնք ենթադրաբար ունեն կա՛մ ադրբեջանական, կա՛մ ռուսական հետք, գրում են, թե փորձարկման ժամանակ ATAGS 6 համակարգերից 2-ը միանգամից շարքից դուրս են եկել, իսկ 4-ը մեծ դժվարությամբ է հաջողվել տեղափոխել բարձր լեռնային շրջաններ։