Մատչելիության հղումներ

1.4 մլն դոլար՝ Երևանի տոնական տեսքի համար


Երևանի Հանրապետության հրապարակում վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը, 8-ը դեկտեմբերի, 2024թ.
Երևանի Հանրապետության հրապարակում վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը, 8-ը դեկտեմբերի, 2024թ.

Երևանի տոնական լուքի համար հարկատուների հաշվին քաղաքապետարանն այս տարի մոտ 1.4 միլիոն դոլար է ծախսել: Սա նախորդ տարվանից ավելի քիչ է, սակայն, դրա նպատակահարմարությունը դեռ հարցեր է առաջացնում մի քաղաքում, որտեղ որոշ թաղամասերում շատ հաճախ կեսգիշերից հետո ջուր չի լինում, շատերը պարբերաբեր պայթող կոյուղագծերի պատճառով ստիպված են գարշահոտ շնչել, իսկ օրվա պիկ ժամերին տրանսպորտով տեղ հասնելն իսկական փորձություն է:

Արդյոք առավել առաջնային չէ տոնակատարությունների գումարով այս հարցերը լուծել՝ քաղաքապետ Ավինյանից ճշտել չհաջողվեց: Նա որոշել էր իր ամփոփիչ ասուլիսին ներս թողնել միայն այն լրագրողներին, որոնց խմբագիրները մինչ այդ առանձին հանդիպում էին ունեցել իր հետ:

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ով համակարգում է այս աշխատանքները, նոյեմբերին ամանորյա ծախսերն արդարացնելիս խոսում էր տուրիստական հնարավոր հոսքերի մասին։ Նույն հիմնավորումը տրվել է նաև նախորդ տարիներին, սակայն որևէ թիվ, ցուցանիշ, թե ծախսված միլիոնների արդյունքում մայրաքաղաքը տնտեսական ինչ օգուտներ է քաղել, շուրջ մեկուկես ժամ տևած ասուլիսի ընթացքում այդպես էլ չհնչեց:

«Ես համոզված եմ եղել, որ եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովենք, եթե մենք ուզում ենք մեր երևանցիները նորմալ տոնակատարություն ունենան, մենք պետք է ամեն տարի գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ շարունակենք, թեկուզ ֆիքս նույն գումարը երկարաժամկետ ծախսել՝ գնալով ավելի ընդլայնելով շրջանակը», - ասում էր փոխքաղաքապետը:

Ջրի ու հոսանքի պարբերական անջատումներով, հեղեղումներով, միլիոնների հասնող գույքային վնասներով ուղեկցված 2024-ին ամանորյա զարդարանքները քաղաքապետարանի ճոխ ծախսերի միայն վերջին ակորդներն էին:

Բազմաթիվ միջոցառումներից առանձնացրել ենք մի քանիսը.

«էրեբունի-Երևան»-ի ժամանակ 15 երգերի նորացված կատարումների ձայնագրության, բեմահարթակի, լուսաձայնային էֆեկտների վրա առնվազն 1 միլիոն դոլար ծախսվեց։ Դրա փոխարեն հնարավոր չէ՞ր, օրինակ, փոխհատուցել գարնանային հեղեղումների հետևանքով քաղաքացիների գույքային վնասը. այս հարցն «Ազատության» թղթակիցը քաղաքապետին չկարողացավ ուղղել, քանի որ նրան թույլ չտրվեց ներկա լինել տարվա վերջին ասուլիսին , որտեղ նա այլ հարցեր էր պարզաբանում.

Հարց. - Հետևում ե՞ք Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, ո՞ւմ եք երկրպագում և ըստ Ձեզ ո՞վ կլինի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը:

Տիգրան Ավինյան. - Ես երևի ոչ պոպուլյար թիմի երկրպագու եմ, որը որ, ոչ այնքան պոպուլյար, լավ, նվազագույնը, ես 1998 թվականից երկրպագում եմ «Ինտեր» (Միլան) թիմին և կարծում եմ՝ այս տարի նույնպես «Ինտեր»-ը բավականին տենց լավ շանսեր ունի:

15 երգերից երգերի նոր ձայնագրությունները, որոնց վրա ծախսվել է 180 հազար դոլար, երևանցիները լսել դեռ չեն կարող, տոնակատարությունից ավելի քան երկու ամիս անց դրանք չեն հրապարակվել:

Դասական արվեստը նույնպես ուշադրության արժանացավ: Yerevan Classic Fest-ին քաղաքացիները մի քանի օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգում անվճար դասական երաժշտություն ու բալետային ներկայացումներ վայելելու հնարավորություն ունեցան, որոնց միայն տեխնիկական մասի համար քաղաքապետարանն ավելի քան 1.3 միլիոն դոլար ծախսեց:

2024-ի միայն այս երեք խոշոր միջոցառումների գումարով, մինչդեռ, կարելի էր, օրինակ, քաղաքային տրանսպորտի պարկը ընդլայնել:

Zhongtong մակնիշի 171 նոր ավտոբուսների համար քաղաքապետարանը մոտ 16 միլիոն դոլար է ծախսել:

Եթե հենց հիմա մայրաքաղաքի կանգառներից մեկում սառչում ու ուշացող ավտոբուսի եք սպասում, մի պարզ թվաբանական գործողությամբ կարող եք պարզել, որ տոնակատարությունների վրա ծախսված միջոցներով կարելի էր առվազն ևս 40 չինական ավտոբուս գնել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG