Մատչելիության հղումներ

180 հազար դոլար՝ Երևանի մասին 15 սիրված երգերի նոր ձայնագրության ու մի նոր երգի համար


«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը Հանրապետության հրապարակում, արխիվ
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը Հանրապետության հրապարակում, արխիվ

Երևանցիները Երևանի քաղաքապետի կարգադրությունն են քննարկում. քաղաքի տոնին նվիրված 15 հին ու սիրված երգերի նոր ձայնագրության ու մի բոլորովին նոր երգի համար բյուջեից ծախսել 180 հազար դոլար։

Ի՞նչ երգեր են այդ 15-ը, ո՞վ է նոր երգի հեղինակը, ովքե՞ր են կատարողները, ինչո՞ւ 180 հազար դոլար։ Երևանի քաղաքապետարանից այս հարցերին չեն պատասխանում, գրավոր հարցում են ուզում։ Ըստ քաղաքապետի կարգադրության՝ այդ գումարը տրամադրվելու է «Կոմբինատ Փրոդաքշն» ընկերությանը՝ ձայնագրությունների, նաև այդ մեկ նոր երգի տեսահոլովակի համար։ Այս փրոդաքշընը, ըստ Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալի, 2013 թվականին է հիմնադրվել, տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը նաև «Շարմ Հոլդինգ»-ում է ղեկավար։ Բայց ի տարբերություն «Շարմ»-ի՝ այս «Կոմբինատ Փրոդաքշն»-ը պետական գնումների որևէ պրոցեսի մասնակից չի եղել։

Ավագանու ընդդիմադիրները քաղաքի երգացանկի թարմացման այս թանկարժեք գործընթացի վերաբերյալ հարցեր ունեն:

«Բացարձակապես անհասկանալի է, ունենալով այսքան ժամանակ՝ ինչո՞ւ չէր հնարավոր քննարկում անցկացնել նախ և առաջ Երևանի ավագանու հետ: Մասնակցայնությունը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման ոլորտից բացառվել է», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Նարե Արամյանը:

Արամյանը շեշտում է՝ գործընթացը թափանցիկ չէ, որևէ քննարկում չի եղել, չի հիմնավորվել, թե ինչու է անհրաժեշտ այս՝ շռայլ ծախսը։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություններ կան, ունեն ձայնագրման ստուդիաներ, գուցե երգերի նորացման այս հրատապ գործն այնտե՞ղ արվեր, զարմանում է նա։

«Ոչ ոք չի կարող ասել, որ մենք չպետք է կատարենք կամ ընդհանրապես պետք է հրաժարվենք տոնակատարություններից, տարբեր օրերը նշելուց, դա շատ շատ կարևոր է: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք պետք է նման շռայլություններ թույլ տանք մի երկրում, որտեղ ոչ միայն աղքատությունը հաղթահարված չէ, այլ նաև հենց ինքնին քաղաքը, համայնքը ունի բազմաթիվ խնդիրներ», - նշեց Նարե Արամյանը:

Արտեմի Այվազյանի «Երևան» երգը նոր ձայնագրություն չունի, ավագանու ընդդիմադիրներից Աննա Ավետիսյանը հարցնում է՝ օրինակ այն ներառվե՞լ է նորացվող ցանկում։ Նրա հարցերին էլ քաղաքապետարանը դեռ չի պատասխանել։

«Ճոխացված գին է՝ էն պարագայում, որ մենք էսքան խնդիր ունենք՝ ասֆալտապատում, աղբահանություն, տրանսպորտի խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Ավագանու երգչուհի անդամը պնդում է՝ Հայաստանում 180 հազար դոլար չարժեն ձայնագրման ծառայությունները. - «Իմ ունեցած տվյալներով, իհարկե, կախված է, թո գործիքավորումը ով է անում, ով է կատարելու, բայց բուն ձայնագրման պրոցեսը՝ մոտավորապես 1500-ից 2000 դոլար»:

Այդքան գումար կարող էր ծախսվել, եթե Երևանի մասին նոր երգ պիտի գրի ու կատարի համաշխարհային համբավ ունեցող մի աստղ։ Ովքեր ու ինչպիսի երգերով «կսիրեն» Երևանը. 180 հազար դոլարանոց երգացանկը կհնչի Երևանի տոնին, այսինքն՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը , այսինքն՝ հոկտեմբերի 12-ին։

XS
SM
MD
LG