Քաղաքապետարանից բացի, նաև Երևանում օդի աղտոտվածությունը չափում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Տասնամյակներ գործող այս պետական կառույցը, սակայն, չի ուսումնասիրում փոշու ամենավտանգավոր՝ փոքր մասնիկները, որոնք կարող են շնչուղիներով հասնել մինչև արյուն ու թոքեր: Երևանցին ո՞ր տեղեկությանը հավատա՝ 15 րոպեն մեկ թարմացվող քաղաքապետարանի կայքի՞, թե՞ ՊՈԱԿ-ի, որը պոստ ֆակտում է տրամադրում իր տվյալները, «Ազատություն»-ը հարցրեց «Հիդրոմետ»-ի տնօրեն Լևոն Ազիզյանին:
«Քաղաքապետարանի աղտոտվածության դիտակայանները դրանք թեժ կետերի դիտակայաններ են, որոնք տեղադրվում են արտանետման կոնկրետ աղբյուրի մոտ՝ շինարարական հրապարակներում, և նրանք տալիս են հենց այդ աղբյուրի արտանետումները, այսինքն՝ դրանք պատկերացում չեն տալիս ընդհանուր քաղաքային ֆոնային աղտոտվածության վերաբերյալ: Բացի այդ, դրանք չափում են մի պարամետր, որոնք, ցավոք սրտի չենք չափում, դա PM2.5/PM10-ն է, որի չափումը տեղի կունենա 2027 թվականի առաջին եռամսյակում», - ասաց Ազիզյանը:
Օդի աղտոտվածությունը չափող 151 սարք է տեղադրված Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվող բարձրահարկերի շինհրապարակներում: Իսկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը 5 անշարժ սարք ունի մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ի տարբերություն քաղաքապետարանի, որը չափում է նաև փոշու մանր հատիկները, այս կենտրոնն ուսումնասիրում է միայն խոշոր հատիկները, ծծմբի (SO2) ու ազոտի (NO2) երկօքսիդի և գետնամերձ օզոնի (O3) պարունակությունն օդի մեջ: Թեև շաբաթը մեկ անգամ են ամփոփում տվյալները, բայց դա էլ բավարար է փաստելու, որ Երևանում օդը մեղմ ասած մաքուր չէ:
«Համաձայն միջազգային չափանիշների, որը նաև վերահաստատված է մեր Կառավարության որոշմամբ, այս գերազանցումները համարվում են անբարենպաստ՝ օդի որակի տեսակետից, բայց ոչ վտանգավոր», - հայտարարեց Լևոն Ազիզյանը:
Վերջին մեկ ամսում համացանցը ողողված է տարբեր օգտատերերի տեսանյութերով, որոնք օդի աղտոտվածությունը չափող ու օդը մաքրող թանկարժեք սարքեր են տեղադրում տանն ու գրասենյակներում: Նրանցից է նաև քաղցկեղը հաղթահարած Գևորգ Բալայանը: Ամերիկացի բժիշկները նրա էպիկրիզում չէին բացառել, որ առողջության վատթարացման վրա ազդել է նաև շրջակա միջավայրը։ Այդպիսի երեք սարքերով էլ նա է իր տան օդը մաքրում և դրսի օդի որակը ստուգում:
«Երեքն էլ իրար հետ հավասար սինխրոն աշխատում են, երբ որ օդը մաքրում եմ, մաքրվում է, երբ որ օդը մաքրվում է, կանաչում է ամեն ինչ, հետո պատշգամբի դուռը բացում եմ երկու րոպե ընդամենը՝ տան օդը ամբողջությամբ կեղտոտվում է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բալայանը:
Անհատների այդ ջանքերից «Հիդրոմետ»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղյակ է, բայց ասում է՝ նրանց սարքերը ոչ պրոֆեսիոնալ են, իսկ դրանց արդյունքները հրապարակող շվեյցարական տեխնոլոգիական ընկերության կայքը Երևանի օդի աղտոտվածության տվյալները մինչև 40 տոկոս շեղումներով է ներկայացնում. - «Նշված կայքը առանձին տարածաշրջանների համար օգտագործում է սարքավորումների տվյալներ, որոնց արժողությունը 100-ից 200 դոլար արժողությամբ, ոչ մասնագիտական, ուղղակի զուտ անձնական օգտագործման սարքավորումներ են: Նաև կան սարքավորումներ, որոնք քիչ թե շատ՝ մասնագիտական տեսակետից, լավն են, և այդ սարքերը քիչ ծախսատար տվիչներ են, որոնք նախատեսված են՝ լրացնելու ռեֆերենս ճշգրիտ մեթոդներով աշխատող սարքին՝ օդի որակի վերաբերյալ տարածական առումով ավելի շատ տեղեկատվություն ունենալու համար: Նշված կայքի օգտագործած սարքերի ճշգրտությունը կազմում է պլյուս մինուս 10-ից, նույնիսկ առաձին դեպքերում 40, 50 տոկոս շեղումներ են տալիս: Այդ սարքավորումները դեռևս չունեն միջազգային ստանդարտացման ինստիտուտի կողմից հաստատված ստանդարտ մեթոդներ, ուստի սարքավորումները ինքնուրույն, առանց այլ սարքերի կիրառման ստուգաճշտել հնարավոր չի»:
Տնօրենի հավաստմամբ՝ 2025-ին իրենց ՊՈԱԿ-ը նույնպես կչափի փոշու մանրահատիկները, ժամանակակից երեք նոր դիտակայան կունենան: Եվս երկուսն էլ 2026-27-ին՝ Եվրամիության աջակցությամբ կստանան:
«Սարքավորումները լինելու են օնլայն ռեժիմով, և սարքավորումները մեր ՊՈԱԿ-ի բջջային հավելվածի հետ կապված են լինելու, և յուրաքանչյուր քաղաքացի եթե ներբեռնի այդ բջջային հավելվածը, կունենա նաև օնլայն ռեժիմով տվյալներ այդ դիտակայանից՝ յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ», - վտահեցրեց Ազիզյանը:
Ու մինչ պետական մարմինները խոստումներ են տալիս, մասնագետները հիշեցնում են՝ օդի աղտոտվածությունը նպաստում է մի շարք ծանր հիվանդությունների զարգացմանը: Իսկ քաղաքապետարանի քարտեզով՝ այսօր ժամը 18:20-ի դրությամբ Երևանում օդը մաքուր է 151 դիտակայաններից ընդամենը երկուսում:
Չունեն թանկարժեք ռադիոլոկացիոն կայաններ
Այսօրվա ասուլիսում «Ազատություն»-ը պաշտոնյայից նաև հետաքրքրվեց, թե այս տարվա գարնանը՝ Լոռու ու Տավուշի մարզերի ջրհեղեղից հետո ինչպե՞ս է փոխվել ՊՈԱԿ-ի քաղաքականությունը: Նրա տեղակալը՝ Գագիկ Սուրենյանն ասաց՝ նախապես հայտարարել էին, որ նշված մարզերում առատ անձրևների տեղատարափ է սպասվում, բայց թե կոնկրետ որ հատվածում որքան անձրև կթափվի, չէին կարող ասել, որովհետև չունեն թանկարժեք ռադիոլոկացիոն կայաններ, որոնք թույլ կտային «տվյալ տեղանքում տեսնել, թե լեռնային որ հատվածում ինչ քանակությամբ տեղում կթափվի, որը կազդի գետի մակարդակի բարձրացման վրա»: «Մենք այդ պայմանները այս պահին չունենք», - ասաց Սուրենյանը;
«Դա էլ կունենանք»,- հուսադրեց «Հիդրոմետ»-ի տնօրենը: Բայց դա նախատեսված է գնել ոչ թե մյուս տարի, այլ 2026-ին ծրագրված բյուջեով, ըստ որի՝ ՊՈԱԿ-ը կունենա 2 միլիոն դոլարանոց ժամանակակից երեք ռադիոլոկացիոն կայաններ: