Ալինա Համբարձումյանը նախորդ ուրբաթ դպրոց էր գնացել, որ երկու երեխաներին տուն տանի. հորդառատ անձրևից հետո դպրոցում դասերը շարունակելն անհնար է եղել:
Բացի այն, որ անձրևաջրերը թրջել էին հոսանքալարերն ու դպրոցը հոսանքազրկել, զուգահեռ հին խնդիրներն էին գլուխ բարձրացրել. - «Արդեն թափվում է ու պենոպլաստով լցրել են: Շատ ժամանակ էդ բեկորները թափվելուց են եղել, պենոպլաստով ամրացրել են, որ էրեխեքի գլխին չլցվի»:
Շուրջ 40 տարվա այս դպրոցը կոյուղի չունի, 16-րդ թաղամասի կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ, մշտական խոնավ պահելով պատերը, իսկ հորդառատ անձրևներից հետո էլ կոյուղու կեղտաջրերն են հորդում դպրոցի դիտահորերից ու հեղեղում բակը, ավելին՝ դիտահոր տանող մուտքերից մեկը դասասենյակի հատակից է բացվում։
Մարինե Զոհրաբյանի երկու երեխաներն էլ այս դպրոցում են սովորում. - «Ակնառու երևում է դպրոցի կայուղի չունենալու պատճառով նստվածք, պատի խոնավությունն ընդհանրապես չի անցնում, անընդհատ այդ խոնավությունը կա»:
Դպրոցը մի քանի մուտք ունի, բոլորն էլ արդեն խոշոր ճաքեր ունեն: Մարզադահլիճից դուրս գալիս աշակերտները պետք է իջնեն խախուտ աստիճաններով:
2011-ից ղեկավարող Վարդիթեր Խաչատրյանը մինչև հիմա պահում է կառավարության այն որոշումը, որից այդքան ուրախացել էին, որ 2018-ին հիմնանորոգվող դպրոցների ցանկում իրենց էլ է ներառվել: Վերջերս շահագործման հանձնվեցին նույն ցանկի երկու դպրոցներ, իրենց հարցը սակայն այդպես էլ օդում մնաց, ինչո՞ւ, տնօրենը չգիտի:
«Դրանից հետո բազմաթիվ անգամներ դիմել եմ լիազոր մարմնին, տարբեր ուղղություններով, ընդհուպ մինչև պետական գույքի վարչություն, որպեսզի կարողանամ գոնե ինչ-որ հնարավոր տարբերակներ ունենանք, կարողանանք օգտագործել, դպրոցը կանգնացնել», - նշեց տնօրենը:
Թիվ 188 հիմնական դպրոցում մի քանի անգամ կոսմետիկ վերանորոգումներ են արվել, բայց հիմնանորոգում՝ երբեք: 2013-ին, նախկին Արտակարգ իրավիճակների նախարարությունից մի փաստաթուղթ ունի տնօրենը, ըստ որի՝ կառույցը դասվել է առավել վտանգավոր դպրոցների շարքին: Բայց սեյսմիկ վիճակի մասին նոր փաստաթուղթ ունենալու համար դպրոցի բյուջեից պետք է ավելի քան 1 միլիոն դրամ վճարեն։ Ասում է՝ անզեն աչքով էլ է երևում, որ վերջին 11 տարիներին, վիճակն ավելի է բարդացել, ո՞րն է այդքան գումար ծախսելու իմաստը: Մի լավ լուր է ստացել քաղաքապետարանից, որ տանիքի նորոգման գումարը կփոխհատուցվի, բայց այդ դիմումը ամիսներ առաջ էր ներկայացրել:
«Իրականում հունիս ամսվա հետ համեմատ երևի ևս 100 տոկոսով ճաքերի թիվն ավելացել է, վերջին անձրևներն էլ ապացուցեին, որ մենք ունենք լուրջ խնդիր տանիքի հետ կապված», - նշեց տնօրենը:
Ինչո՞ւ է 950 աշակերտ ունեցող դպրոցը դուրս մնացել 2018-ի հիմնանորոգման ծրագրերից, ԿԳՄՍ-ից ոչ մի բացատրություն չտվեցին, փոխարենը հիշեցրին՝ անցած տարի 30 դպրոց է նորոգվել ու հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող այս դպրոցը չկա նաև կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում:
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ասաց՝ դպրոցը հիմքից նորոգման կարիք ունի, բայց, երբ, իրենք էլ չգիտեն:
Ու չնայած թիվ 188-ի անմխիթար վիճակին, ծնողները չեն պատրաստվում երեխաներին այլ դպրոց տեղափոխել, այստեղ ասում են՝ լավ կրթություն են ստանում։ Հույս ունեն, որ պատկան մարմինները, հատկապես քաղաքապետարանը՝ չի ստիպի իրենց ընտրություն կատարել երեխաների ֆիզիկական անվտանգության ու որակյալ կրթության միջև: