Մատչելիության հղումներ

Երևանի բնակիչները դժգոհում են աղբահանությունից, քաղաքապետարանից արձագանքում են


Երևանի կենտրոնում՝ Բուզանդ փողոցում ապրող քաղաքացին ասում է՝ աղբը բակում հաճախ այնքան է կուտակվում, որ ստիպված թեժ գիծ են զանգահարում:

«Չեն մաքրում, ստիպված մենք ենք անում, աղբն էլ լցվում է դալանը փակում», - ներկայացրեց բնակիչը:

Քաղաքացին ասում է՝ աղբակույտերը սկսում են հենց իրենց բակ տանող կամարանցումից, որտեղ տեղադրված աղբամաններն օրվա առաջին կեսին արդեն մասամբ լիքն էին: Բնակիչներն ասում են՝ տարածքում գտնվող խանութներն ու ռեստորանները աղմանները բեռնում են իրենց աղբով ու արկղերով:

«Հաճախ ալարում են իրենց աղբը գոնե աղբամանը նետել, շարում են կողքին», - նշում է բնակիչներից մեկը:

Նրանք նաև քաղաքապետարանից են դժգոհ, մաքուր բակ են ուզում: Վերջին օրերին, սոցցանցերի օգտատերերն իրենց էջերում տեղադրում էին բեռնված աղբամանների տեսանյութեր ու լուսանկարներ, նշում էին քաղաքապետարանին ու հարցնում՝ ո՞ւր եք: Այդպիսի կադրեր նաև «Ազատության»-ն ուղարկեցին Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկն է քաղաքը մաքրում կենցաղային աղբից:

Շուրջ 8 ամիս այս հիմնարկը ղեկավարող Սաշա Կատվալյանն ընդունում է, որ խնդիրը հիմնականում ամռանն է սրվում, բայց նշում է՝ 2019-ից ներկրված աղբահանության 50 մեքենաների զգալի մասն արդեն շարքից դուրս են եկել:

«Փաստացի շահագործվում է 5 տարի անդադար, օրինակ, եվրոպական տարբեր քաղաքներում, ռուսական տարբեր քաղաքներում մեքենաների շահագործման համար տրված է 7-10 տարի, բայց այդ երկրներում աղբատար մեքենան մեկ հերթափոխով է աշխատում: Փաստացի մեր մոտ 5 տարի մեքենաներն աշխատել են գիշեր ու ցերեկ, պարկի զգալի մասն արդեն մաշված է», - ներկայացրեց նա:

«Աղբահանության պիկն անցել է», - ասում է Կատվալյանը, բայց այդ ընթացքում քաղաքացիներն իրենց այսօրվա նոր լուսանկարներն ու տեսանյութերն էին մեզ ուղարկում, որտեղ երևում են աղբով բեռնված աղբամանները: Պաշտոնյայի պնդմամբ՝ Կենտրոնում ու Կոմիտասում մեքենաներն օրը երկու անգամ են աղբամանները դատարկում, իսկ առհասարակ 24 ժամ են աշխատում՝ երկու հերթափոխով: Հորդորում է, որ տնտեսվարողներն ու բնակիչներին իրենց շինաղբն ու կոշտ թափոնները կենցաղային աղբի տարաներում չլցնեն, որովհետև աղբատար մեքենաները շարքից դուրս են գալիս դրանք դատարկելիս։ Օրական 7-10 մեքենա այդպես վնասվում է: Սրան էլ գումարվում է նուբարաշենի աղբավայրի խնդրահարույց ճանապարհը:

Ըստ Կատվալյանի՝ աղբահանության առումով բարդ կառավարելի է Կենտրոն համայնքը, որովհետև բացի այն, որ այն խիտ բնակեցված է, երթևեկությունն էլ ինտենսիվ, նաև տնտեսվարողներն են շատ։ Այս տարի գնել են 8 Կամազ, իսկ մինչև ամսվա վերջ ևս 6 մեծ ու փոքր դասի մեքենաներ կհասնեն մայրաքաղաք:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ խոստանում է՝ նոր համակարգ են ներդրել, շուտով հենց աշխատասենյակներից կտեսնեն, թե Երևանի ավելի քան 11 հազար աղբամաններից որը, երբ է լցվում:

«Որը մեզ ցույց կտա, թե տեխնիկան, որ աղբամանին երբ մոտեցավ, ու կրկին կառավարելիության մակարդակն այս ոլորտի ավելանալու է», - ասել է Ավինյանը:

Ի դեպ, 2019-ին ստեղծված հենց այս՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում էին իրավապահները չարաշահումներ հայտնաբերել, ձերբակալվել էին նախկին տնօրենն ու նրա տեղակալը: Այս գործը դեռ քննության փուլում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG