Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճից ու դրան հաջորդած աղմուկից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հարկատուների գումարը վերադարձնել բյուջե։ Լոս Անջելեսյան գերթանկարժեք թռիչքի գումարը քաղաքապետը կվճարի իր գրպանից։
Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Միացյալ Նահանգներում։ Ու 9 հոգանոց խմբից միայն ինքն էր թռել բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով։ Պատվիրակության մյուս անդամների համար գնել են էկոնոմ դասի 8 ավիատոմս՝ ծախսելով մոտ 12 հազար դոլար։
Ի՞նչ միջոցներով է քաղաքապետը փոխհատուցելու. Ավինյանն առաջարկեց իր հայտարարագրած եկամուտներն ուսումնասիրել: Քաղաքապետն անցած տարի 40 միլիոն դրամից ավելի եկամուտ է ունեցել։ Նա կրիպտոարժույթ էլ է հայտարարագրել, որ այս պահի դրությամբ մի քանի հարյուր հազար դոլարի է հասնում։
Բիզնես դասով Միացյալ Նահանգներ մեկնած բարձրաստիճան պաշտոնյան վստահեցնում է, թե այցից հետո է միայն իմացել, որ պետբյուջեից իր կոմֆորտ թռիչքի համար 7 միլիոն 650 հազար դրամ են վճարել։ Եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ այցից հետո անաղմուկ չի վերադարձրել գումարը։ Ավինյանը դա չի բացատրել։
Ավինյանը նահանջեց հանրային ճնշման արդյունքում. Արամ Թորոսյան
Տիգրան Ավինյանը նահանջեց հանրային ճնշման արդյունքում, հակառակ դեպքում տոմսի արժեքից ապշած քաղաքապետը մինչ այդ քայլ կաներ, համոզված է Երևանի ավագանու երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։
«Այն հանրային ճնշումն էր, որն այդ դեբատներից հետո տեղի ունեցավ այն առումով, որ այդ դեբատները դիտել են շատ մարդիկ, վստահաբար, այսինքն, ուշադրության կենտրոն է եկել այդ թեման», - ասաց նա:
Համայնքային բյուջեի հաշվին քաղաքապետի 20 հազար դոլարանոց թռիչքն անպատժելիության հետևանք է, ասում է Արամ Թորոսյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը խոստանում է պայքարել ու հանրային ճնշումը ուժեղացնել, որ հարկատուների գումարը անձնական կոմֆորտի համար շռայլող պաշտոնյաներն անպատիժ չմնան։
Ավինյանը Մարությանի հետ բանավեճի ընթացքում ընդունեց սխալը։ Ի՞նչ էր հետևելու դրան, պատասխանատուները պատժվելո՞ւ են։ Քաղաքապետի խոսնակն «Ազատության» հարցերին անցած շաբաթվա վերջից չի պատասխանել։ Ավինյանն այսօր խոստացավ ուսումնասիրել գնումների շղթան ու պատժել մեղավորներին։
«Մի իրավիճակում ենք հայտնվել, երբ որ իրականում մի քանի անգամ ավելի նվազ գումար կարելի էր ծախսել տվյալ գործողության համար ու ինչ-ինչ պատճառներով, ժամանակի գործոնը ճիշտ չգնահատելով մի իրավիճակում հայտնվեցինք, որ ինձ Նոր տարվա չակերտավոր վատ նվեր արվեց», - նշեց քաղաքապետը:
Սա Ավինյանի ամանորյա միակ վատ նվերը չէ։ Երեք օր առաջ էլ դատարանը որոշեց, որ կարմիր գծերը թանկացնելու որոշումը անհիմն է։ Ավագանու իշխող դաշինքն այս տարեսկզբից կենտրոնում ավտոկայանատեղի վճարը 13 անգամ ավելացրեց՝ 12-ից 160 հազար դրամ դարձրեց։ Վարորդների վճարած մեկ տարվա գումարն, ըստ դատարանի, անհիմն է, քաղաքային իշխանությունը չի ընդունում առաջին ատյանի որոշումն ու կարմիր գծերի թանկացնելու որոշումը կպաշտպանի Վերաքննիչում։