Մարկ Ռյուտեն՝ Նիդերլանդների հեռացող վարչապետը կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Ռազմական դաշինքի նոր ղեկավարը պաշտոնը ստանձնում է հյուսիսատլանտյան անվտանգության համար կրիտիկական ժամանակահատվածում:
Ռյուտեի թեկնածությանը կողմ են քվեարկել դաշինքի անդամ 32 երկրների ներկայացուցիչները՝ կազմակերպության կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և դաշնակից մյուս երկրների առաջնորդները նրան պաշտոնապես կողջունեն հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում:
«Մեծ պատիվ է նշանակվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Դաշինքը կա և կլինի մեր հավաքական անվտանգության հիմնաքարը», - հայտարարել է Ռյուտեն, հավելելով՝ ՆԱՏՕ-ն ղեկավարելը պատասխանատվություն է, որին լուրջ է վերաբերվում։
Նիդերլանդացի քաղաքական գործիչը 14 տարի պաշտոնավարող Յենս Ստոլտենբերգին կփոխարինի հոկտեմբերի 1-ին, դաշինքի պատմության վճռորոշ պահին՝ մի կողմից Ուկրաինայում Պուտինի ավերիչ պատերազմն է, որը սպառնում է տարածվել եվրոպական աշխարհամասով մեկ, մյուս կողմից՝ Դաշինքի առանցքային անդամ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները. Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում հանրապետական թեկնածուն սպառնում է վերագնահատել Ամերիկայի որոշիչ դերը ՆԱՏՕ-ում, ընդհուպ անպաշտպան թողնել դաշնակիցներին Ռուսաստանի հնարավոր հարձակման պարագայում, ինչպես նաև կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները։
Ինքը Ռյուտեն ռուս - ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման կողմնակից է։ Անցած օրերին ելույթ ունենալով Ուկրաինայի խաղաղության հարցով Շվեյցարիայում կազմակերպված գագաթնաժողովին՝ նա ափսոսանք էր հայտնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չէ այդ հավաքին։ «Այս սեղանի շուրջ նստածներից շատերն են նշել, որ Ռուսաստանը պետք է այսօր այստեղ լիներ, և ես միանգամայն համաձայն եմ դրան: Մեզ պետք է, որպեսզի Ռուսաստանն այսօր մասնակցեր, բայց այսօր մենք վստահաբար ասում ենք, որ խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հարգի հիմնական կանոններն ու արժեքները, որոնք վերաբերում են բոլորիս», - ընդգծում էր ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը:
Չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնության աջակցությանը՝ աշխարհի ամենամեծ անվտանգության կազմակերպության կենտրոնակայան տանող ճանապարհը Ռյուտեի համար բավականին քարքարոտ էր: Արևելաեվրոպական թևն ընդդիմանում էր նրա թեկնածությանը այդ թվում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին աջակցելու, Նիդերլանդների պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի չափանիշներին չհամապատասխանելու համար:
Ռյուտեի 14-ամյա վարչապետության օրոք Նիդերլանդները չկարողացավ կատարել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի գլխավոր պայմաններից մեկը՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2 տոկոսին հասցնել․ երկիրը խոստանում է բացը լրացնել այս տարի։
Արևելյան Եվրոպայի պետությունների առաջնորդները նաև պահանջում էին դաշինքի պատմության մեջ առաջին անգամ իրենց վստահել կառույցի ղեկավարությունը:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը փորձել է պայքարել, սակայն անցած շաբաթ անակնկալ հայտարարեց թեկնածությունը հանելու որոշման մասին:
Իսկ Վիկտոր Օրբանի աջակցությունը ստանալու համար Ռյուտեն ստիպված էր Բուդապեշտին խոստանալ, որ Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի որևէ առաքելության Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում, եթե այնտեղ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկվեն։
57-ամյա քաղաքական գործիչը համարվում է Ուկրաինային ռազմական օգնության ծավալների մեծացման ջատագովներից մեկը, նրա ղեկավարման ընթացքում Նիդերլանդները դարձել է Կիևի առաջատար դաշնակիցներից մեկը արևմտյան երկրների շրջանում։
ՆԱՏՕ-ին զուգահեռ վճռվում է նաև ԵՄ ղեկավարության փոփոխության հարցը
Բրյուսելում ՆԱՏՕ-ին զուգահեռ վճռվում է նաև Եվրամիության ղեկավարության փոփոխության հարցը, որը դաշինքի անդամները փորձում են ավարտին հասցնել, նախքան Եվրամիության նախագահությունը կանցնի Հունգարիային:
Երեկվանից արևմտյան մամուլը, վկայակոչելով շաբաթներ շարունակվող թեժ բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ ԵՄ առաջնորդները վերջնական որոշում են կայացրել հաջորդ հինգ տարիներին Եվրամիության ինստիտուտների ղեկավարների անունների հարցում։
Ըստ այդմ՝ համաձայնություն է ձեռք բերվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու շուրջ, բանակցողները կողմ են արտահայտվել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստայի թեկնածությանը, որը կփոխարինի Շառլ Միշելին։ Հաղորդվում է, որ դաշինքի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին կփոխարինի Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։ Այս երեք քաղաքական գործիչները մանդատ են ստացել այս ամսվա սկզբին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում: