Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կոչ է արել երկրի կառավարությանը վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նիդերլանդների կառավարությունը մշտապես զգուշությամբ է արտահայտվել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 միլիոն հայերի մասին խոսելիս, թեև խորհրդարանը դեռևս երեք տարի առաջ ճանաչել է ցեղասպանությունը։
«Կառավարությունը դեռևս շարունակում է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցը» ձևակերպումը կամ խոսում «սարսափելի իրադարձությունների» մասին՝ այսպիսով խուսափելով ճշմարտությունից, որ սա պլանավորված և կանխամտածված ցեղասպանություն էր», - փետրվարի 9-ին Ներկայացուցիչների պալատում հայտարարել է «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Յոել Ֆորդևինդը։
Ունենալով խորհրդարանական մի շարք այլ կուսակցությունների աջակցությունը ևս՝ պատգամավորը կառավարության նման մոտեցումն այս հարցին «աբսուրդ» է անվանել: Նա նաև հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն անցյալի մասին չէ։
«Անցած տարի Էրդողանի Թուրքիայի կողմից սպառնացող վտանգն առավել իրական դարձավ, երբ Ադրբեջանը գրոհեց Լեռնային Ղարաբաղը, նաև հարձակման ենթարկվեց Հայաստանը։ Էրդողանը աջակցեց Ադրբեջանի ղեկավարին այդ կռվում՝ թե՛ խոսքով, թե՛ զենքով։ Անգամ հիմա՝ ավելի քան 100 տարի անց, հայերի ահը թուրքական սպառնալիքից իրատեսական է», - հայտարարել է Ֆորդևինդը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որով հույս է հայտնում, որ կառավարությունը չի անտեսի այս կոչը և կիրագործի այն։
«Այս գաղափարը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իսկ Genocide Watch-ը նախազգուշացրել էր նոր ցեղասպանության մասին, իսկ պատերազմից հետո և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ագրեսիվ դիրքորոշում են որդեգրել Հայաստանի նկատմամբ», - ասված է հայտարարության մեջ։
Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց 2018 թվականին՝ «Քրիստոնեկան միություն» կուսակցության նախաձեռնությամբ։
Նույն թվականին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին, առաջին անգամ Նիդերլանդների կառավարությունը ապրիլի 24-ին ներկայացուցիչ էր ուղարկել Երևան՝ մասնակցելու հիշատակի արարողությանը։
Ռազմական նույն դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները լարվեցին 2017 թվականին, երբ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Նիդերլանդներն արգելեց թուրք պաշտոնյաներին նախընտրական քարոզչություն իրականացնել տեղի թուրքական համայնքի շրջանում։
2020 թվականի սկզբին Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գերատեսչությունները հայտարարել էին երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու մտադրության մասին։ Նույն տարվա սեպտեմբերին Երևանում բացվեց Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը։