Մատչելիության հղումներ

Նիդերլանդների խորհրդարանը հակամարտության և հայ գերիների վերաբերյալ բանաձևեր է ընդունել


Նիդերլանդների խորհրդարանը երեկ երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ, հայտնում է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը։

Բանաձևերից մեկում, ըստ դեսպանության, խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարճ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։

Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Այս տարվա նոյեմբերի 16-ին բախումներ էին սկսվել հայ-ադրբեջանական սահմանին։ Մոտ վեց ժամ շարունակված մարտերը դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմը հաղորդեց 6 զոհի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը 13 հայ զինվորների է գերեվարել, 24 զինծառայողների ճակատագիրն էլ անհայտ է։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 24 զինծառայողները, ում հետ կապը նոյեմբերի 16-ին ընդհատվել էր, չճշտված տեղեկություններով գերեվարվել են: «Ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման կարիք ունեն», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, հիշեցնենք, համաձայնել են հանդիպել դեկտեմբերի15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում՝ «քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»:

«Հաշվի առնելով ս.թ.դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը՝ ԱլԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից», - ասված է բանաձևում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG