Մատչելիության հղումներ

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը


Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին, երեկ երեկոյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ արձագանքելով Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին երկու օրինագծերի ընդունմանը:

Ընդունված երկու փաստաթղթերից մեկով, որն ի դեպ հեղինակել է պահպանողական Քրիստոնեական միությունը, Հոլանդիան վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ 2004 թվականի որոշումը։ Երկրորդ որոշման համաձայն՝ այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչը՝ մասնակցելու Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

«Այսպիսով Եվրամիության անդամ այս երկիրը միացավ շուրջ երեք տասնյակ երկրներին՝ այդ թվում Ֆրանսիային, Գերմանիային, Ռուսաստանին, Կանադային, ամերիկյան 50 նահանգներից 48-ին, որոնք ճանաչել են 1915 թվականին Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, շեշտելով՝ Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր գործոն է ընդհանրապես աշխարհում նման ոճրագործությունների կրկնությունը կանխելու համար: - «Որոշումը շատ էական էր հայ ժողովրդի համար։ Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած պետության կողմից՝ այդ թվում նաև այդպիսի պետություն, ինչպիսին է Նիդերլանդները, որն առաջատար դիրքեր է գրավում աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դրանց առաջմղման հարցերում և այսօր հանդիսանում է միջազգային դատարանները հյուրընկալող պետությունը: Նման պետության խորհրդարանի կողմից նմանատիպ բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչքանով է կարևոր ցեղասպանության հանցագործության դատապարտումը»:

Մինչև 20 հազար հայազգի բնակչություն ունեցող Նիդերլանդների խորհրդարանի 150 պատգամավորներից 147-ի քվեարկության արդյունքում ընդունված փաստաթուղթը, ինչպես և ակնկալվում էր, Անկարան խստորեն դատապարտեց:

Մինչ այդ, հիշեցնենք, թուրքական իշխանությունները փորձում էին կանխել այս օրինագծերի ընդունումը։ Անցած շաբաթավերջին այս հարցի շուրջ Թուրքիայի դժգոհությունը արտահայտելու համար արտգործնախարարություն էր հրավիրվել Նիդերլանդների գործերի հավատարմատարը։

«Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացրած անհիմն որոշումները տեղ չունեն ո՛չ պատմության, ո՛չ էլ արդարադատության մեջ։ Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ո՛չ պարտադիր են, ո՛չ էլ վավեր», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, շեշտելով, թե Թուրքիան հիմք է ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ մեջբերում՝ «այն չի հետևելու խորհրդարանին՝ ճանաչելով 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և որ Երևան ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակում ճանաչել ցեղասպանությունը»:

Այս մասին երեկ քվեարկությունից առաջ հայտարարել էր Նիդերլանդների արտգործնախարար Սիգրիդ Կաագը:

Այս հայտարարությունը, սակայն, դժվար թե մեղմի թուրք - հոլանդական լարված հարաբերությունները. ամիսներ շարունակվող հեռակա կոշտ բանավեճը ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների միջև հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի: Անցած տարի Ամստերդամն արգելել էր թուրք նախարարներին Նիդերլանդների տարածքում քարոզարշավ իրականացնել նախագահ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների օգտին, ինչից հետո Էրդողանը ոչ միայն ֆաշիստ ու նացիստ էր որակել Նիդերլանդների իշխանություններին, այլև արգելել էր Նիդերլանդների դեսպանին Թուրքիա մտնել: Ամիսներ շարունակված դիվանագիտական այս սկանդալից հետո՝ շաբաթներ առաջ, Ամստերդամը հայտարարեց, թե պաշտոնապես դուրս է բերում իր դեսպանին Թուրքիայից և թույլ չի տալիս Թուրքիայի դեսպանի մուտքը Հաագա:

Նիդերլանդների արտգործնախարարությունն իր հերթին որոշել է սառեցնել ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները Անկարայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG