Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է խաղաղության պայմանագրից դուրս մղվում ապաշրջափակման հարցը. փորձագետները՝ Ամիրբեկովի հայտարարության մասին


«Ինչքան շատ հարցեր բաց մնան, այնքան խաղաղությունն ավելի փխրուն կլինի»,- հաղորդակցության ուղիների բացման հարցը խաղաղության պայմանագրում չներառելու մասին քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքն է: Արդեն կայացած համաձայնության մասին իմացանք Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովից։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու հարցին, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, որոշվել է անդրադառնալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Հայաստանցի որևէ պաշտոնյա ուղիղ այդ մասին չի խոսել։ Ավելին՝ հունիսին վարչապետ Փաշինյանը չէր բացառել, որ կողմերը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող են քննարկել ապաշրջափակման հարցը։

«Նույնիսկ ստորագրված փաստաթղթով եթե կան չլուծված խնդիրներ, չլուծված հարցեր, դրանք էսկալացիաների համար պոտենցիալ օջախ են, և Ադրբեջանը ելնելով առկա իրավիճակից կարող է ուժային գործիքակազմի կիրառմամբ նաև փորձել հասնել իր համար ցանկալի լուծումների այդ հարցերում», - ասաց Գրիգորյանը:

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Ավելի լավատես է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, կարծում է՝ հիմա հայկական կողմի համար հնարավորությունների պատուհան է բացվում, բայց և չի բացառում Բաքվի նորանոր պահանջները։

«Ես կասեի սա հնարավորություն է մեզ համար, քանի որ Ադրբեջանի ճնշումը ձախողվել է՝ միակողմանի վերջնագրով Հայաստանին ստիպելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը շտապում է՝ մինչև նոյեմբեր՝ ամերիկյան ընտրություններն ու կլիմայի հարցերով Բաքվի գագաթնաժողովն ունենալու համար խաղաղության համաձայնագիր։ Սա Հայաստանի համար կարող է լինել ավելի շատ հնարավորություն, քան սպառնալիք։ Այնուամենայնիվ, մենք միշտ պետք է առավելապաշտ Ադրբեջանից սպասենք՝ անիրականանալի պահանջների մի ցանկ, որը երբեք չի բավարարվում», - նշեց Կիրակոսյանը։

Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման համար հայաստանցի պաշտոնյաները երեք սկզբունք էին թվարկում՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ապաշրջափակում՝ ինքնիշխանության հարգմամբ, միջանցքի տրամաբանությունն ընդհանրապես մերժում էին։

Սահմանազատումն, ըստ էության, արդեն առանձին գործընթաց է, դեպի Նախիջևան անխոչընդոտ անցում պահանջող ու այդ ուղին «Զանգեզուրի միջանցք» անվանող Ադրբեջանը հիմա էլ խոսում է ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրից հանելու մասին։ Իսկ ի՞նչ կմնա հայ-ադրբեջանական փաստաթղթում։

Տիգրան Գրիգորյանը
Տիգրան Գրիգորյանը

«Արդյունքում մենք ավելի շատ ունենալու ենք քաղաքական փաստաթուղթ, որը լինելու է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, միմյանց նկատմամբ տարածքային նկրտումների բացակայության վերաբերյալ, իսկ այս բոլոր հարցերը մնալու են ապագային: Սա, իհարկե, շատ ավելի թույլ է դարձնելու այդ ստորագրվելիք փաստաթուղթը», - ընդգծեց Գրիգորյանը:

Ինչո՞ւ ապաշրջափակումն էլ դուրս մղվեց

Ինչո՞ւ ապաշրջափակումն էլ դուրս մղվեց։ Հայաստանցի պաշտոնյաները Ամիրբեկովի պնդումները չեն մեկնաբանել, բայց չեն էլ հերքել։ «Ազատություն»-ն ԱԳՆ հարցում է ուղարկել:

«Պատճառն ակնհայտ է, Ադրբեջանն ինչ-որ պարզեցված ռեժիմ է ուզում այդ ճանապարհին, Հայաստանը կարծես թե դեմ է պարզեցված ռեժիմին, վերջին շրջանում գիտեք, որ քննարկում էին տարբեր տարբերակներ՝ մասնավոր ընկերության կողմից վերահսկողություն իրականացնելու տարբերակը, բայց կարծես թե այս տարբերակի հարցում ևս առաջընթաց չկա և երևի որոշել են, որ մոտ ապագայում դժվար թե կարողանան ինչ-որ ընդունելի լուծումների հասնել 2 կողմի համար, դրա համար դուրս են մղում խաղաղության պայմանագրի օրակարգից», - ընդգծեց Տիգրան Գրիգորյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը չգիտի՝ արդյոք Ադրբեջանն ունի՞ հարցի պատասխանը՝ ի՞նչ է կոնկրետ ուզում ու ի՞նչ է ուզում ստանալ այն ամենից, ինչ մնացել է այդ փաստաթղթում։ Բայց Հայաստանի բանակցողներից ակտիվություն է ակնկալում։

«Հայկական կողմը մի շարք հարցեր պետք է բարձրացնի՝ Բաքվում պահվող ձերբակալվածների, ռազմագերիների հարցը, հատկապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձերբակալվածների փոխանակումից հետո։ Ամեն անգամ Ադրբեջանը բարձրացնում է ադրբեջանցիների վերադարձի հարց Արևմտյան Ադրբեջան, հայկական կողմը դրան պետք է հակադրի Բաքվի, Սումգայիթի ու Կիրովաբադի հայկական համայնքի իրավունքների հարցը։ Հայկական կողմը պետք է ավելի ակտիվ լինի», - հայտարարեց Կիրակոսյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG