Մատչելիության հղումներ

Ըստ թուրք և ադրբեջանցի վերլուծաբանների՝ Երևանի և Անկարայի միջև փակ դարպասները կբացվեն միայն Բաքվի համաձայնության պարագայում


Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը շրջում են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում, 30-ը հուլիսի, 2024թ․
Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը շրջում են հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում, 30-ը հուլիսի, 2024թ․

Մինչ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները տևական դադարից հետո կրկին հանդիպել ու քննարկում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վստահության ամրապնդման քայլերը, թուրք և ադրբեջանցի վերլուծաբաններն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում միաբերան պնդում են՝ հարևան երկրների միջև փակ դարպասները կբացվեն բացառապես Բաքվի համաձայնության պարագայում։

Թեև 1993 թվականից փակ հայ-թուրքական միջպետական սահմանի բացումը, ըստ որոշ կարծիքների, նախևառաջ Թուրքիային է ձեռնտու՝ իր ազդեցությունը Կովկասով մեկ ընդլայնելու համար, Էրդողանի վարչակազմը, սակայն, շարունակում է այդ հնարավորությունը պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացներով՝ պարբերաբար հիշեցնելով Երևանին ուղղված Բաքվի պահանջների մասին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։

Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, Թուրքիայի կողմից Հայաստանին ընդառաջելը սխալ ուղերձ կլինի, պնդում է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան, Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։

«Մենք կարծում ենք, որ այս պահին, քանի դեռ մենք չենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, դա (սահմանի բացումը )սխալ ուղերձ կլինի Երևանին, որ անհրաժեշտություն չկա համաձայնության գալ հիմնական հարցերի՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ», - ասել է Շաֆիևը։

Ավանդաբար սերտ հարաբերություններ ունեցող Բաքուն ու Անկարան հատկապես վերջին մի քանի տարիներին երկկողմ կապերն աննախադեպ բարձր մակարդակի են հասցրել, Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները հաճախ եղբայր եզրույթով են դիմում միմյանց նույնիսկ միջազգային ամբիոններից։

Ադրբեջանական պետական «Սոկար» նավթային ընկերությունը Թուրքիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, Անկարայի ռազմական աջակցության շնորհիվ էլ Բաքուն կարողացել է հաղթանակի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Այդքանով հանդերձ Բաքուն է քաղաքականություն թելադրում Թուրքիային, տարակուսում է Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի դասախոս Սոլի Օզելը։

«Ադրբեջանը հասել է մի տեղ, որտեղ հայտնվել է մեծամասամբ Թուրքիայի ռազմական, հետախուզական օգնության շնորհիվ։ Եվ ինձ համար տարակուսելի է, թե ինչու Ադրբեջանի վետոյի պատճառով Թուրքիան չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, ինչը պետք է և ցանկանում է Հայաստանը», - ասել է Օզելը։

Երևանն ու Անկարան դեռևս երկու տարի առաջ են պայմանավորվել «հնարավոր ամենասեղմ ժամկետներում» բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Հայաստանի կառավարությունը շտապեց վերանորոգել հայ-թուրքական սահմանի անցակետը, թուրքական կողմը, սակայն, հակառակ պայմանավորվածության, համաձայնությունը կյանքի կոչելուն ուղղված քայլեր չի արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG