Արա Այվազյանի պնդմամբ՝ իրեն պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում չի հաջողվել ՊՆ-ից ստանալ փաստաթուղթը
Ինչպե՞ս հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը Ադրբեջանին։ Իրավական ի՞նչ հիմնավորմամբ և ընթացակարգով Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից, որից հետո արդեն ադրբեջանական զինուժը լիակատար վերահսկողություն հաստատեց այդ հատվածի նկատմամբ։
Այս զարգացումներից ընդամենը մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգ էին առել պատերազմից հետո։
2020-ի 44-օրյա պատերազմից օրեր անց Հայաստանի արտգործնախարար նշանակված Արա Այվազյանն օրերս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունից գաղտնի է պահվել այն հուշագիրը, որով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլմետրանոց հատվածն ու Շուռնուխի մի մասը հանձնվեցին Ադրբեջանին։
«Բայց, հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», - ասել էր նա։
Ավելին, Այվազյանի պնդմամբ՝ իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում իրեն այդպես էլ չէր հաջողվել Պաշտպանության նախարարությունից ստանալ այդ փաստաթուղթը։
Հուշագրում որևէ խոսք չկա, թե ինչ հիմքով են հայկական ուժերը ետ քաշվել. Գեղամ Մանուկյան
Հետագայում արդեն՝ հուշագրի ստորագրումից մեկ տարի անց, փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն են ստացել ընդդիմադիր մի քանի պատգամավորներ, նրանց թվում՝ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ոչ միայն Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել, հայ ժողովրդին խաբել են», - նշեց նա։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ հուշագիրը, որով 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը իրենց տեղակայված վայրերից ետ են քաշվել շուրջ 30 կիլոմետր, ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները՝ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն։ Ադրբեջանը, ըստ Գեղամ Մանուկյանի, այդ հուշագրի կողմ չէ։ Մանուկյանի պնդմամբ՝ հուշագրում որևէ խոսք չկա, թե ինչ հիմքով են հայկական ուժերը ետ քաշվել այդ հատվածներում։
«Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն առանց Արտգործնախարարության գիտության, պարզել եմ, որ նաև Գլխավոր շտաբը դրանից տեղյակ չի եղել, որևէ պետական գերատեսչություն։ Նիկոլ Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանին գործուղում է, Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է մի հուշագիր, որի արդյունքում նախ զորքերը մեր հետ քաշվեցին հսկայական հատվածից՝ մոտ 30 կմ, և այդպես Գորիս-Կապան ճանապարհը հայտնվեց սահմանային հատվածում։ Զորքերը հետ քաշվեցին նույն Ներքին Հանդի ամբողջ Սոսիների պուրակ կոչվող, ամբողջ արգելոցի հատվածից, Ադրբեջանը հայտնվեց Ներքին Հանդի, ադրբեջանական դրոշը մինչև հիմա բարձրացվել է Կապանի քթի տակ՝ քաղաքից երևում է, օդանավակայանի վրա։ Ամբողջությամբ այդ ամբողջը հանձնվեց առանց որևէ սահմանազատման, սահմանագծման», - «Ազատության»-ն ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանուկյանը վստահեցնում է՝ հուշագիրը չէր նախատեսում միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածի փոխանցում Ադրբեջանին
Փաստաթղթի բովանդակությանը ծանոթացած Գեղամ Մանուկյանը, սակայն, պնդում է՝ չնայած զորքերի հետքաշման մասին դրույթին, այդ հուշագիրը չէր նախատեսում միջպետական ճանապարհի 21 կմ-անոց հատվածի փոխանցում Ադրբեջանին։ Թե ինչպես այդ դեպքում այդ ճանապարհը նույնպես անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, պարզ չէ։
«Կա մի կարևոր դրույթ այդ հուշագրում, որը չէր ենթադրում Գորիս-Կապան ճանապարհի այդ 21 կմ-անոց հատվածը ադրբեջանական վերահսկողության տակ թողնել, ամեն կողմից հայ և ադրբեջանցի սահմանապահներ պետք է լինեին, ճանապարհը չպետք է վերահսկվեր որևէ մեկի կողմից, ճանապարհը երթևեկելի պիտի լիներ»։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ճանապարհն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Մանուկյանը պատասխանեց. - «Մի օր, երբ որ իրական քննիչ հանձնաժողով լինի, և այսօրվա իշխանությունները պարտավորված լինեն ամբողջական ցուցմունք տալ, ենթադրում եմ՝ այն ժամանակ պարզ կլինի»։
Ժամանակագրություն. ինչպես սկսվեց, ինչ էր ասում իշխանությունը
Թե ինչ փաստաթղթով հայկական կողմը հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, պաշտոնապես չէր հայտարարվում։ Նախ, 2020թ. դեկտեմբերի 20 -ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով, և շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
Շուրջ 8 ամիս անց՝ 2021 օգոստոսի վերջին, ադրբեջանական կողմը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, նախ Շուռնուխից դեպի Կապան, ապա Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։
Վարչապետ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, թե ադրբեջանական կողմի գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը, որով ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը նախորդ տարեվերջից ռուս սահմանապահներն են ապահովում։ Փաշինյանը, սակայն, այդպես էլ չասաց, թե այդ ինչ պայմանավորվածության մասին է խոսում։
2021 օգոստոսի 28-ին ադրբեջանցիները վերաբացեցին Գորիս-Կապան ճանապարհը։ Սակայն, սեպտեմբերից արդեն սկսեցին մասքատուրք պահանջել իրանական պետհամարանիշներով մեքենաներից։ Հայաստանի քաղաքացիները, այդուհանդերձ, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահների ուղեկցությամբ մինչև նոյեմբերի 10-ը օգտվում էին ճանապարհից:
2021-ի նոյեմբերի 11-ից, սակայն, ԱԱԾ սահմանապահներն արդեն հայկական համարանիշներով մեքենաներին ևս արգելեցին այդ ճանապարհով երթևեկել, քանի որ այդ հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետեր էր տեղադրել։ Ու չնայած վարչապետ Փաշինյանի նշած «ձեռք բերված պայմանավորվածությանը», Հայաստանը 2021-ի նոյեմբերին վերջնականապես կորցրեց Գորիս-Կապան ճանապարհով անարգել երթևեկելու հնարավորությունը, անգամ ռուս սահմանապահների վերահսկողությամբ։
Ինքը՝ Փաշինյանը, դեռ 2021-ի հոկտեմբերին, այսինքն՝ ճանապարհի նկատմամբ հայկական վերահսկղությունը կորցնելուց մոտ մեկ ամիս առաջ, հայտարարում էր՝ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ինքն է տվել. - «Ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։
Վարչապետն ասել էր՝ դա արել է պատերազմից խուսափելու համար. - «Որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»։
Գեղամ Մանուկյանը հարցնում է. - «Ինչո՞ւ էին խուսափում ասել, որ ստորագրվել է փասաթուղթ, որովհետև արարողակարգային ձևով այսպիսի ինքնագործունեություն, այսպիսի ինքնագլխություն Հայաստանի անվտանգությանը, զինված ուժերի պաշտպանունակությանն այսպիսի հարված ինքնին քրեորեն հետապնդելի էր։ Դրա համար խուսափում էին դրա մասին բարձրաձայնել։ Ես վստահ եմ՝ վաղը, մյուս օրը հայկական իրական իշխանության իրավապահ համակարգը սրան անդրադառնալու է»։