Մատչելիության հղումներ

Կիրանցով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է


Սահմանազատված Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է: Ճանապարհի նոր հատվածի՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի պատի տարածքում շինարարությունն ավարտին է մոտենում:

Այս նոր ճանապարհը կառուցվեց, քանի որ հարևան Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Կիրանցը կորցրեց գյուղի կամուրջը, որը միջպետական ճանապարհի մաս էր կազմում։ Նոր ճանապարհով, սակայն, դեռ երթևեկությունն ակտիվ չէ: Մարդիկ այլընտրանքային՝ Աճարկուտի ճանապարհով են երթևեկում: Գյուղացիները, ովքեր չցանկացան նկարահանվել, ասացին՝ շատերը դեռ տեղյակ չեն, որ ճանապարհը գործում է։

Նրանց մի մասը համոզված չէ, որ ճանապարհը նախկինի պես ակտիվ կլինի, քանի որ այն հենց հայ-ադրբեջանական սահմանի եզրով է անցնում: Ի դեպ, կառավարությունն էլ դեռ պաշտոնապես չի ծանուցել գործարկման մասին։

Տեղեկություններ կան, որ ճանապարհի գործարկման առիթով վաղը Կիրանցում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր գյուղի կենտրոնական հատվածներում մայրուղին էին կարգի բերում, մաքրում ավելորդ ճյուղերից, խոտից ու աղբից:

Գործադիրի ղեկավարն այսօր առավոտից արդեն Տավուշի մարզում է՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Նոր ճանապարհի կառուցումը գյուղացիների մոտ տրամադրություններ չի փոխվել, տեսախցիկից այն կողմ մարդիկ շարունակում են դժգոհել սահմանազատման հետևանքներից: Գյուղում իրենց անվտանգ չեն զգում, չնայած կառուցված պատին:

Սահմանազատման հետևանքով Կիրանցում մոտ երեք տասնյակ ընտանիք հողակտորներ, տներ կորցրեցին։ Գյուղում նաև հրաժարվում են խոսել այն մասին, թե քանիսն են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումը, քանիսը հրաժարվել։ Կառավարությունն էլ չի բացահայտում՝ պատճառաբանելով, թե դա գաղտնի տեղեկություն է։

Սեփականություն կորցրած գյուղացիներից ոմանք դարձյալ չնկարահանվելու պայմանով դժգոհում եմ, որ փոխհատուցման գործընթացը ձգձգվում է։

XS
SM
MD
LG