Մատչելիության հղումներ

Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը վաղը կբանակցեն հայ-թուրքական սահմանին


Երկու տարվա դադարից հետո վաղը կրկին հանդիպելու են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի բանակցություններն առաջին անգամ կանցկացվեն հայ-թուրքական սահմանին։ Այլ մանրամասներ կողմերը չեն հայտնում։

Պաշտոնական վերջին հանդիպմանը՝ Վիեննայում Երևանն ու Անկարան համաձայնել էին «հնարավոր ամենասեղմ ժամկետներում» բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հանդիպումից մեկ տարի անց՝ 2023-ի հունիսին Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ հենց ամռանը այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կկոչվի:

«Այս զբոսաշրջային սեզոնի ընթացքում: Հույս ունենք, որ թուրքական կողմը հավատարիմ կմնա մեր պայմանավորվածությունը և մենք շատ շուտով կտեսնենք այդ առաջին պայմանավորվածության իրագործումը: Ինչո՞ւ է սա շատ կարևոր, որովհետև այն դեպքերում, երբ վստահության պակաս կա կողմերի միջև, շատ կարևոր է, որ առաջին պայմանավորվածությունն իրագործվի», - նշել էր Ռուբինյանը:

Սակայն դրանից էլ մեկ տարի անց՝ արդեն այս հունիսին Հայաստանի ներկայացուցիչն ասել էր, որ չի տեսնում Անկարայի քայլերը:

«Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք ու ավարտել ենք, անցակետը պատրաստ է գործունեության համար, թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականան», - ասել էր նա:

Մարգարայի անցակետի կառուցման համար 1 միլիարդ դրամ է ծախսվել, օրեր առաջ էր վարչապետն այցելել ու Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի ուղեկցությամբ տեղում ստուգել ենթակառուցվածքները։ Անցակետը գործարկելու մասին Փաշինյանը չէր խոսել։

Թուրքական կողմը չի հայտնել՝ արդյոք պատրա՞ստ է սահմանային իր անցակետը։

Թուրքագետը չի տեսնում նշաններ, որ Թուրքիայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ փոխվել է

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի տեսնում նշաններ, որ Թուրքիայի դիրքորոշումն ընդհանուր առմամբ փոխվել է:

«Սա Թուրքիայի որոշում է, որը բարձրաձայնել է հենց ինքը Էրդողանը, որ քանի դեռ չի ստորագրվել հայ-ադրբեջանական պայմանագիր խաղաղության մասին, Թուրքիան քայլեր չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Քիչ հավանական եմ համարում, որ այդ որոշումից Թուրքիան է շեղվում», - ընդգծեց թուրքագետը:

Միաժամանակ, սակայն, Սաֆրաստյանը չի բացառում, որ Անկարան ինչ-որ քայլ անի, օրինակ, վերջապես բացի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

«Միաժամանակ վերջին շրջանում ավելի դրական մոտեցումներ ենք տեսնում՝ Թուրքիայի հայտարարությունների ընդհանուր որակն ավելի մեղմ է, քան առաջ էր: Նման գործընթաց, իհարկե, կա, բայց դա հռետորաբանության մակարդակով է: Չեմ կարծում, որ դա կանդրադառնա քաղաքական ոլորտում», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թեև Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև շուրջ երկու տարի պաշտոնական բանակցություններ չկային, սակայն հայ-թուրքական շփումներ այս ընթացքում եղել են, որպես կանոն հաղորդվել է, որ վերահաստատվել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը Անկարայում մասնակցել է վերընտրված Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը: Արտգործնախարար Միրզոյանն է երկրաշարժից հետո Թուրքիա մեկնել, նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից: Reuters գործակալության Թուրքիայի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ վաղվա հանդիպմանը քննարկվելու են վստահության ամրապնդման որոշակի քայլեր։

XS
SM
MD
LG