Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը «շարունակում է խորապես ներգրավված լինել հայ գերիների վերադարձի հարցում»


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

Վաշինգտոնը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը։ Բայց և ընդգծել է՝ գործընթացից որևէ նորություն չունի։

Ամերիկացի պաշտոնյային լրագրողը հարցրել էր՝ ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը։

ԱՄՆ-ի միջնորդությամբ 2022-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված 17 անձանց։

Վերջին անգամ Երևանն ու Բաքուն գերիների են փոխանակել 8 ամիս առաջ. անցած դեկտեմբերին 32 հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց 2 ադրբեջանցի դատապարտյալի, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին։

Պատերազմից ու Արցախի վրա անցած տարվա ռազմական հարձակումից հետո ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Նրանցից 6-ը քաղաքացիական անձինք են, 9-ը՝ ռազմագերիներ, 8-ն Արցախի նախկին ղեկավարները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Նրանց կալանքները պարբերաբար երկարաձգվում են, դատավարությունների ամսաթվերը հայտնի չեն։ Հայաստանում որևէ ադրբեջանցի պահվող անձ այս պահին չկա։

Պետքարտուղարությունում ճեպազրույցի ընթացքում գերիների ճակատագրով հետաքրքրվող լրագրողը նաև վկայակոչել է Freedom House-ի տվյալները՝ նշել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո Ղարաբաղի տարածքն ամենաանազատն է աշխարհում։

Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի և Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի, Աֆղանստանի միջև՝ լրագրողը նկատել է՝ Լեռնային Ղարաբաղում այսօր իրավիճակն ավելի վատ է, քան վերոնշյալ երկրներում, հարցրել՝ արդյոք Վաշինգտոնը հետևո՞ւմ է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության անկմանը։

«Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները», - ասել է Վենդետ Պատելը։

«Դեռևս հնարավոր չի եղել Ադրբեջանի հետ ձեռք բերել հստակ պայմանավորվածություն»

Եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը տեղյակ է, որ միջազգային գործընկերները, նաև ամերիկացիները աշխատում են Ադրբեջանի հետ գերիների ու այլ կարգավիճակ ունեցողների վերադարձի ուղղությամբ, բայց որևէ հստակ պայմանավորվածությունից լուր չուներ։

«Դեռևս հնարավոր չի եղել Ադրբեջանի հետ ձեռք բերել հստակ պայմանավորվածություն ազատման օրվա, հանգամանքների, թվաքանակի, խմբերի առնչությամբ և սա է պատճառը, որ պաշտոնական հաղորդագրություններում նրանք վերահաստատում են տեղաշարժի բացակայությունը», - ասաց իրավապաշտպանը։

Բայց մինչև նոյեմբերին ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովի անցկացումը իրավապաշտպանը տեսնում է 23-ից առնվազն 15-ի ազատ արձակման հնարավորություն։

Վերջին անգամ գերիների վերադարձի ժամանակ Երևանն ակնարկեց, որ գործընթացն, ըստ էության գլուխ է եկել այն պատճառով, որ Երևանը չի խոչընդոտել Բաքվում COP-29-ի անցկացմանը։

«Ադրբեջանի իմիջային խնդիրները գտնվում են միջազգային հանրության ուշադրության ներքո, այս հանգամանքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել մարդասիրական խնդիրները գոնե մասնակի լուծելու համար։ Բարձրաստիճան պաշտոնյաներից զատ այնտեղ դեռևս պահվում են 20 թվականի պատերազմի հետևանքով գերեվարվածներ, կան նաև 23 թվականի հարձակումների արդյունքում գերեվարվածներ ու այս անձինք նույնքան հետաքրքրական չեն Ադրբեջանի իշխանություններին, որքան բարձրաստիճան ղեկավարությունը։ Գոնե իրատեսական եմ համարում այս խոցելի քաղաքացիական ու զինվորական անձանց ազատ արձակումը», - նշեց Սիրանույշ Սահակյանը։

Արցախի նախկին ղեկավարությունն, ըստ Սահակյանի, այսպես ասենք՝ «հետաքրքիր» է Ադրբեջանին՝ իր քարոզչությունն ամրապնդելու համար։

«Որ Արցախը որպես ինքնորոշված պետականություն չի եղել, այնտեղ եղել են ռազմականացված խմբեր, ովքեր իբր ապօրինի գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում․ առանց այս կարևոր քաղաքական օգուտները քաղելու չեմ կարծում, որ երբևէ ազատ է արձակելու Արցախի նախկին ղեկավարությանը», - ընդգծեց իրավապաշտպանը։

Գերիների շփումները հարազատների հետ, իրավապաշտպանի խոսքով, 1-2 ամիսը մեկ են, կարճատև խոսակցություններ, որոնք, համոզված է՝ սպառնալիքի ներքո են տեղի ունենում։

«Մեծապես ոչ թե տեղեկություններ են տրամադրում իրենց պահման հանգամանքների, այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ, այլ փորձում են հետաքրքրվել Հայաստանում ընտանիքների դրության կամ որևէ այլ ընտանեկան զարգացումների մասին։ Բայց մեր նկատառումն այն է, որ նրանք կաշկանդված են, քաջ գիտակցում են, որ այդ խոսակցությունները վերահսկելի են ու անցանկալի տեղեկատվության փոխանցման պարագայում նրանք կարող է վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների զոհ դառնան։ Այսինքն՝ նման մտավախություններ և սպառնալիքներ զգում են», - ասաց նա։

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» տեղեկացրին, որ իրենց աշխատակիցները գերիներին վերջին անգամ տեսակցել են հուլիսին, որի ժամանակ նրանց տրվել է հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG