Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև Կիրանցում նոր ճանապարհի երթուղու հետ կապված միջադեպեր չեն եղել, «Ազատության» հարցմանն ի պատասխան վստահեցնում են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։
«Հրապարակ» օրաթերթը մոտ 2 շաբաթ առաջ գրել էր, որ Կիրանցում՝ հայ - ադրբեջանական սահմանին, երկու անգամ միջադեպ է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահների միջև: Ըստ թերթի՝ ադրբեջանցիները պնդել են, թե Կիրանցում կառուցվող նոր ճանապարհի մի հատվածն անցնում է Ադրբեջանի տարածքով։
«Ազատություն»-ն ԱԱԾ-ից հարցրել էր՝ արդյոք հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև որևէ քննարկում կամ միջադեպ տեղի՞ է ունեցել կառուցվող նոր ճանապարհի շուրջ և արդյոք սահմանազատումից հետո Կիրանցում կառուցվող նոր ճանապարհն անցնո՞ւմ է Հայաստանի տարածքով։ ԱԱԾ-ն, հերքելով ադրբեջանական կողմի հետ միջադեպերի մասին պնդումները, միաժամանակ վստահեցրել է՝ «կառուցվող ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի տարածքով»։
Կիրանց տանող կամուրջը, որով անցնում էր նաև միջպետական ճանապարհի մի մասը, սահմանազատումից հետո հանձնվեց ադրբեջանական կողմին։ Հայաստանը սկսեց նոր՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որն արդեն գործում է։
Կիրանցի բնակիչ. իսկապես նման խոսակցություն հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև եղել է
Չնայած Ազգային անվտանգության ծառայության հերքմանը, Կիրանցի բնակիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, «Ազատության»-ը պատմել էր, որ իսկապես նման խոսակցություն հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև եղել է, ադրբեջանցիները ինչ-որ չափումներ անելուց հետո պնդել էին, թե նոր ճանապարհի մի հատվածը կառուցվել է իրենց տարածքում։
«Որ այդպիսի բան եղել է, դա ոչ թե մի հոգու հետ խոսելու ընթացքում եմ ես պարզել, այլ մի քանի մարդ ինձ զանգահարել է», - ասաց տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Գառնիկ Դանիելյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց՝ Կիրանցի մի շարք բնակիչներ իրեն ահազանգել են, որ ադրբեջանցիները կառուցված նոր ճանապարհի նկատմամբ նույնպես պահանջներ ունեն։
«Զանգեցին, ասացին, որ գյուղում ճանապարհի այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները եկել ու պահանջներ են ներկայացրել հայկական կողմին, որ այդ տարածքի ճանապարհը, որ կառուցվում է դպրոցի մոտով, այդտեղ հատում կա և ինչ-որ մի հատված Ադրբեջանի տարածքն է ու միառժամանակ վեճ ու խոսակցություն է տեղի ունեցել սահմանապահների միջև, այնուհետև ադրբեջանցիները հեռացել են, բայց մնացել են նույն կարծիքին, որ այդ հատվածը պետք է անցնի իրենց վերահսկողության տակ», - պատմեց Դանիելյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ սահմանազատման, իր ձևակերպմամբ, Հայաստանի կողմից Ադրբեջանին միակողմանիորեն տարածքներ զիջելուց հետո, Կիրանցում ստեղծվել է մի իրավիճակ, որն անընդհատ կոնֆլիկտներ է առաջացնելու։
«Դպրոցի անմիջապես հարևանությամբ Ադրբեջանի ստորաբաժանումներ են կանգնելու, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի անմիջապես եզրին կանգնելու են ադրբեջանցիները: Անգամ այն տները, որ չեն անցել Ադրբեջանին ու անմիջապես սահմանի բերանին են, էդ մարդիկ իրենց ապահով չեն զգում, ընդամենը դպրոցի հարևանությամբ գործող մի քանի մետր պատն է, պատից հետո թիթեղներով փորձել են առանձնացնել ճանապարհի այդ հատվածը, բարակ թիթեղներ են, ոչ մի կերպ չեն կարող պաշտպանիչ նշանակություն ունենալ», - ներկայացրեց նա:
Պատգամավորը կարծում է, որ Կիրանցում կարող է կրկնվել Շուշիի գրավումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, երբ ադրբեջանցի զինվորները վերահսկում էին դեպի Արցախ գնացող ճանապարհը։ Այս նախադեպը հաշվի առնելով՝ Դանիելյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը ամեն պահի կարող է փակել Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը։
«Կիրանցում կորցրեցինք կահավորված առաջնագիծը, առաջնագծի հետ միասին նաև կային ականապատ դաշտեր, որոնք նույնպես անվտանգային նշանակություն ունեին և այդ պաշտպանական շերտերը վերացել են: Տավուշի այն հատվածը, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, շատ հարմար տեղ է ադրբեջանցիների համար՝ հարձակում գործելու: Իրենք արդեն այդտեղ ամուր տեղավորված են ու ինժեներական աշխատանքներ են կատարում», - ասաց պատգամավորը:
Ադրբեջանցիները հնձել- տարել են Կիրանցի բնակիչների ցորենի բերքը
Ի դեպ, մոտ 3 շաբաթ առաջ ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներից հավաքել են Կիրանցի բնակիչների ցորենի բերքը։ Տավուշցի պատգամավորն ասում է՝ գյուղացիների չարչարանքի պտուղները բառի բուն իմաստով քաղել են ադրբեջանցիները։
«Ադրբեջանցիներն անարգել մտել են ու գյուղացիների ձմեռվա պաշարը հավաքել են ու տարել են իրենց մոտ», - նշեց Դանիելյանը:
Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը հաստատեց՝ ադրբեջանցիները տարել են գյուղացիների ցորենի բերքը:
«Դե իրանց տարածքում ա, իրանք հնձել են, տարել.... հիմա գյուղացիներ չկան ընդեղ, երևի թե սահմանապահները», - ասաց Շահինյանը:
«Ազատության» հարցին՝ քանի՞ հեկտար է եղել տարածքը, որտեղից տարել են բերքը, Կիրանցի համայնքապետը պատասխանեց. - «Հլը հաշվարկ չեմ արել, բայց երևի մի 7-8 անձի հողակտոր է:
Կամո Շահինյանը չի թաքցնում՝ սահմանազատման հետևանքով իրենց բերքը կորցրած գյուղացիները շատ են նեղսրտել, բայց այլ ելք չի եղել, այդ հողերը՝ ցորենով հանդերձ, այլևս Հայաստանինը չեն։