Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ կարող են զրկվել մանդատից


Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու երեք ընդդիմադիր անդամ հնարավոր է զրկվեն մանդատից. հարցը ներառված է առաջիկա երեքշաբթի կայանալիք նիստում: Նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են, թե նրանք բացակայել են նիստերից ու քվեարկություններից: Թիրախում հայտնվածները, սակայն, սա կապում են իրենց քաղաքական հայացքների և քաղաքապետ Ավինյանի իմփիչմենթի գործընթացի հետ, որը մտադիր են հոկտեմբերին սկսել:

«Եվ սա հստակ քաղաքական հաշվեհարդար է իմ ելույթների, այս պահին նախապատրաստվող իմփիչմենթի, ինչու ոչ, և Տիգրան Ավինյանի վախերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը:

Մանդատներից զրկելու նախագծերը ներկայացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հանրային ձայն»-ը, որ փաստացի իշխանության հետ կոալիցիա չի կազմել, սակայն սատարում է իշխանականներին տարբեր քվեարկությունների ժամանակ։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարին մանդատից զրկելու նախագիծը կազմել է իշխող թիմի ավագանու անդամ Մարատ Թոխյանը, ով պնդում է՝ ընդդիմադիրը բացակայել է թե՛ ավագանու, թե՛ իրավական հանձնաժողովի նիստերի մեծ մասից։

«Ես չեմ լսել իր հայտարարությունը, որ ինքը իրավական հանձնաժողովի նիստերից բացակայում է՝ դա անվանելով քաղաքական բոյկոտ: Ինքը ոչ մի պատճառաբանություն չի տվել, և ես դա չեմ կարող անվանել քաղաքական բոյկոտ, որովհետև եթե քաղաքական բոյկոտ է, երևի թե մյուս իրենց խմբակցության անդամները նույնպես չպետք է գային», - «Ազատությանը» ասաց Թոխյանը:

Մինչդեռ Երիցյանը պնդում է՝ բացակայել է իրավական հանձնաժողովի նիստերից, որ չլեգիտիմացնի իշխող թիմի որոշումները։ Կա նաև այլ պատճառ. - «Ես հայտարարել եմ, որ այն պահից, երբ դադարեցվեցին մեր քաղաքական լիդերի լիազորությունները այդ հիմքով և այլ ավագանու անդամների, ես ի համերաշխություն նրանց՝ չեմ ենթարկվել շանտաժի լեզվին ու հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու հանձնաժողովի նիստերին։ Թող ինձ էլ, եթե հեռացնելու են, այդ ճանապարհով հեռացնեն, ինչը որ իրենք փաստորեն պլանավորում են անել»:

Ամիսներ առաջ էլ իշխանականները դադարեցրել էին Երիցյանի թիմակից, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ու ևս երկու ընդդիմադիրների լիազորությունները՝ գրեթե նույն հիմքով՝ անհարգելի բացակայել են նիստերից։ Հիմա էլ հերթը հասել է իրենց, ասում է Երիցյանն ու պնդում՝ կա քաղաքական առևտուր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը պայմանավորվել է «Հանրային ձայն»-ի հետ։

«Եթե մեկ ձայնով «Հանրային ձայն»-ը, իր ղեկավարով, աջակցի ինձ մանդատազրկելուն, «Քաղաքացիական պայմանագիր»-ն էլ կաջակցի «Հանրային ձայն»-ին իր այդ երկու հոգուն՝ անկախ այս պահին ավագանիներին, մանդատազրկելուն։ Այսինքն՝ նման քաղաքական առևտուր են արել, և երկուսին էլ ձեռք է տալիս, որ այս երեք ավագանու անդամները կոնկրետ լիազորություններից զրկվեն», - ընդգծեց Երիցյանը:

Վերջինիս մանդատից զրկելու նախագծի հեղինակ Թոխյանը, սակայն, հերքելով քաղաքական դրդապատճառները՝ տարակուսում է՝ Երիցյանին փոխարինելու կգա նրա մեկ այլ թիմակից, ի՞նչ հաշվեհարդարի մասին է խոսքը։

«Ի՞նչ իմաստ ունի, ասենք, այդ շանտաժ բառը ես ընդհանրապես չեմ ընկալում այս դեպքի [հետ կապված], ինչ-որ քաղաքական ճնշում՝ իմաստ չկա այդ քաղաքական ճնշման», - ասաց ավագանու իշխանական անդամը:

Մանդատից զրկվելու վտանգի առաջ կանգնած ավագանու մյուս անդամների դեպքում, սակայն, ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ավագանու անկախ անդամ Անյուշ Խուդավերդյանին ու Անուշ Գինոսյանին հեռացնելու նախագիծ է ներկայացրել նրանց երբեմնի հարազատ «Հանրային ձայն»-ի ղեկավարը, որի ցուցակով էլ նրանք ընտրվել էին: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժը, սակայն, ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում իշխանությունների նկատմամբ առավել մեղմ դիրքորոշում ունեցող Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ կոշտ քննադատ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները հենց Ղուկասյանի թևից են, նրանց փոխարեն ավագանի կգան արդեն մյուս՝ իշխանական նախագծերին հաճախ սատարող խմբի անդամները:

Այս պահին ընդդիմադիրներն ունեն Ավինյանին հեռացնելու համար անհրաժեշտ թվով ձայներ, բայց եթե մանդատներից զրկելու այս նախագծերը որոշում դառնան, և ավագանու կազմից հեռացվեն ավագանու երկու անկախ անդամները, իմփիչմեթը կտապալվի։

«Նրանք վաղուց էին խմորում այս ամեն ինչը, որպեսզի մեզ հանեին, հոկտեմբերի 10-ին լրանում է նրանց անվստահության քվե հայտնելու ժամանակը, նրանք նախօրոք հանեցին մեզ՝ ինձ և Անուշ Գինոսյանին, որպեսզի հետևից գա «Հանրային ձայն»-ը, քանի որ նրանք արդեն վաղուց վաճառված են, չապահովենք այդ քվեները», -«Ազատության» հետ զրույցում պնդեց Անյուշ Խուդավերդյանը:

Տեղական ինքնակառավարման ոլորտն ուսումնասիրած Լևոն Բարսեղյանն այլ փաստարկ է բերում՝ բացակայությունը քաղաքական բոյկոտի ձև է, որի իրավունքը բոլորը ունեն: Նա պնդում է՝ այս օրենքը բացեր ունի:

«Չի կարելի օգտագործել մարդկանց բողոքը, բողոքի հիման վրա բացակայությունը, կամ բողոքով չքվեարկելը նրանց այդ լիազորությունից զրկելու համար: Իշխող քաղաքական ուժը ուղղակի որոշում է, որ քանի որ ինքը կայուն մեծամասնություն չունի, շատ հարմար եղանակ է այդ մարդկանց հախից այդպես գալու, մանդատից զրկելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բարսեղյանը:

Մինչ իշխանականները պնդում են, որ իրենք օրենքի տառին են հետևում, ընդդիմախոսները հիշեցնում են հեղինակավոր Freedom House-ի՝ ամիսներ առաջ հրապարակված զեկույցը, որտեղ քննադատվել էր տեղական իշխանությունը կոնսոլիդացնելու, ընդդիմադիր համայնքապետերից ազատվելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG