Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կրկին սրվում են։ Նախօրեին Սև ծովի ափին գտնվող Ռիզե քաղաքում՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական սպառնալիքներն ուղղեց Իսրայելին՝ միաժամանակ խոստովանելով, որ Թուրքիան 2020 թվականին անմիջականորեն մասնակցել է 44-օրյա պատերազմին։
«Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մուտք գործեցինք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք Իսրայելի հետ անել։ Նման բան չանելու որևէ պատճառ չունենք։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք դիմել այդ քայլին։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա Պաղեստինում նման խելահեղ գործողությունների դիմել», - հայտարարում էր Էրդողանը։
«Թուրքիայի նախագահը մոռացել է Սադամ Հուսեյնի ճակատագրի մասին», - Էրդողանի հայտարարությունից ժամեր անց իր երկրի դեմ ուղղված սպառնալիքներին X-ում այսպես արձագանքեց Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։
«Էրդողանը շարժվում է Սադամ Հուսեյնի հետքերով։ Նա ևս սպառնում էր գրոհել Իսրայելը։ Հիշեք սակայն, թե ինչ տեղի ունեցավ և ինչով ավարտվեց այդ ամենը», -նշել է Կացը՝ իր գրառումն ուղեկցելով Էրդողանի՝ պաղեստինամետ հանրահավաքի և Սադամ Հուսեյնի՝ ձերբակալության ժամանակ արված լուսանկարներով։
Թել Ավիվի և Անկարայի հարաբերությունները կրկին սրվեցին մի իրավիճակում, երբ Լիբանանի դեմ իսրայելական հարձակումը կարծես անխուսափելի է դառնում։ Իրավիճակը սրվեց շաբաթ օրը տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով միջազգայնորեն Սիրիայի տարածք ճանաչված, սակայն, Իսրայելի կողմից բռնակցված Գոլանի բարձունքներում 12 դեռահասներ զոհվեցին։ Հրթիռակոծության թիրախում էր հայտնվել առավելապես դրուզներով բնակեցված Մաջդ ալ Շամս քաղաքը։ Դրա բնակիչների մեծ մասն, ի դեպ, իրեն Սիրիայի քաղաքացի է համարում և Իսրայելի ներկայությունը Գոլանի բարձունքներում օկուպացիա է որակում։ Չնայած դրան՝ քաղաք ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում էր՝ զոհվածները իսրայելցիներ են, պատասխան հարվածներն էլ չեն ուշանա։
«Այս գործողության հետևում «Հեզբոլան» է՝ Իրանի տարածաշրջանային դաշնակիցը։ Որքան էլ «Հեզբոլան» հերքի այդ փաստը, նրանց չի հաջողվի տարանջատվել տեղի ունեցածից։ Հրթիռակոծության հեղինակը «Հեզբոլան» է և ծանր գին է վճարելու դրա համար», - հայտարարում էր Իսրայելի պաշտպանության նախարարը։
Այն, որ հարձակման հեղինակը Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ խմբավորումն էր, վստահ են նաև Վաշինգտոնում։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ հրթիռներն, անկասկած, արձակվել են «Հեզբոլա»-ի կողմից։ Մենք պաշտպանում ենք Իսրայելի՝ սեփական քաղաքացիներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու իրավունքը, սակայն նաև չէինք ցանկանա, որ այս հակամարտությունը խորանար», - կիրակի օրը, Ճապոնիա կատարած այցի ընթացքում հայտարարում էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նախորդ գիշերը Լիբանանում անցավ իսրայելական հարվածների նյարդային սպասման պայմաններում։ Դրա ամենավառ ապացույցը Լիբանանի պետական ավիաընկերության կողմից Բեյրութի միջազգային օդանավակայան վերադարձող մի շարք թռիչքների չեղարկումն էր։ MEA ավիաընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, մտավախություն ուներ, որ իսրայելական հարվածի առաջին իսկ թիրախը կարող է դառնալ Բեյրութի օդանավակայանը՝ ինչպես դա եղավ 2006 թվականի պատերազմի ժամանակ։ 18 տարի առաջ տեղի ունեցած պատերազմի ժամանակ, լիբանանյան ավիաընկերությունը գերադասել էր իր ողջ օդանավային պարկը տեղափոխել Հորդանան՝ հնարավոր վնասից խուսափելու համար։