Դոհայում այսօր կվերսկվեն Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները՝ Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզության ղեկավարների մասնակցությամբ, հաղորդում է Reuters-ը։
Եգիպտական պատվիրակությունը, որը գլխավորում է հետախուզության պետ Աբբաս Քամելը, կփորձի մոտեցնել «Համաս»-ի և Իսրայելի տեսակետները՝ հնարավորինս շուտ զինադադարի համաձայնության հասնելու համար, հաղորդել է Al-Qahera News-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան իր աղբյուրը։
«Բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնություն կա»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրը Կահիրեում։
Reuters-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրը, նշում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև Իսրայելի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Reuters-ի այս հարցումը։
Դոհայում կլինի նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, Reuters-ին հայտնել է խնդրին ծանոթ աղբյուրը։
Եգիպտոսը և Քաթարը հույս ունեն դադարեցնել մարտերը Իսրայելի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի միջև` ապահովելու Գազայում իսրայելցի պատանդների ազատ արձակումը Իսրայելում պահվող պաղեստինցի գերիների դիմաց:
Բանակցությունների վերսկսման մասին հայտնի է դարձել հուլիսի 4-ին։ Մինչ այժմ երկրորդ զինադադարը կնքելու բոլոր փորձերը ձախողվել են։ Իսրայելը շահագրգռված է պատանդների ազատ արձակմամբ, սակայն, գործողությունները Գազայում շարունակելու պայմանով, իսկ «Համաս»-ը պահանջում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և իսրայելական զորքերի դուրսբերում այդ հատվածից։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: