Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ աջակցության մասին է խոսքը, հաղորդում է Reuters-ը։
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել», - Ռիզե քաղաքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», - հեռուստաուղերձում հավելել է Էրդողանը։
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց», - X-ի իր էջում, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը, գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։
Reuters-ը հիշեցնում է, որ 2020-ին Թուրքիան զինվորներ ուղարկեց Լիբիա՝ աջակցելու ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը: Իսկ Արցախի մասով՝ Reuters-ը նշում է, որ Թուրքիան թեև հերքել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին իր անմիջական մասնակցությունը, սակայն անցյալ տարի հայտարարել է, որ օգտագործում է «բոլոր միջոցները», ներառյալ ռազմական ուսուցումն ու արդիականացումն, իր մերձավոր դաշնակցին աջակցելու համար:
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ընդհանուր առմամբ, ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց։
Իսկ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Գազայում հակամարտության սրման ֆոնին Լիբանանում տեղակայված արմատական «Հեզբոլա» խմբավորման զինյալները և իսրայելական զինվորականները կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ։