Իսրայելի բանակը չորրորդ օրն անընդմեջ ծանր հարվածներ է հասցնում Գազա քաղաքի Շուջայյա թաղամասին։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ լքել են ավերված թաղամասը, որտեղ ՑԱԽԱԼ-ը ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես օդային տարածքից, այնպես էլ ցամաքի վրա, այդ թվում` թունելներում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը, ելույթ ունենալով նախարարների կաբինետում, վերստին հայտարարել է, որ «Համաս»-ի նկատմամբ հաղթանակը ռազմի դաշտում չունի այլընտրանք:
«Մենք լի ենք վճռականությամբ պատերազմելու այնքան, մինչև կհասնենք մեր նպատակներին՝ «Համաս»-ի ոչնչացում, մեր բոլոր գերիների վերադարձ, ապահովել, որպեսզի Գազայի հատվածն այլևս երբեք Իսրայելի համար վտանգ չներկայացնի, և մեր բնակիչների ազատ վերադարձն իրենց տներ երկրի հարավում և հյուսիսում», - ասել է Նեթանյահուն։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: