Մատչելիության հղումներ

Հայ-բելառուսական հարաբերությունների սրումը թափ է հավաքում. նոր զարգացումներ


Բելառուսի նախագահը և Հայաստանի վարչապետը, արխիվ
Բելառուսի նախագահը և Հայաստանի վարչապետը, արխիվ

Երևանը բողոքի հայտագիր ներկայացրեց Մինսկին

Հայ-բելառուսական՝ վերջին օրերին սրված հարաբերությունների ֆոնին այսօր Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի հայտագիր ներկայացրեց Մինսկին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտություն որակելով Բելառուսի արտգործնախարարության երեկվա հայտարարությունը։

«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է», - հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Երեկ էլ Երևանը Բելառուսից հետ էր կանչել իր դեսպանին, ինչին հետևել էր Մինսկի հայելային պատասխանը։ Հայաստանի վարչապետը մինչ այդ խորհրդարանում հայտարարել էր, թե Բելառուս չի գնա, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինս այս զարգացումներից մեկ ամիս առաջ Բաքվում ասել էր, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

2018-2022-ին Բելառուսը արդիական զենքեր է մատակարարել Ադրբեջանին. Politico

Փոխադարձ քննադատության այս ֆոնին ամերիկյան Politico-ն հոդված է հրապարակել և հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերին՝ պնդել՝ 2018-22 թվականներին ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Բելառուսը արդիական զենքեր է մատակարարել Ադրբեջանին։ Գաղտնազերծված ավելի քան մեկ տասնյակ նամակները, դիվանագիտական նամակագրությունը, վաճառքի հաշիվ-ապրանքագրերը և արտահանման փաստաթղթերը վկայում են՝ 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո Բելառուսը օգնել է Բաքվին արդիականացնել հրետանային համակարգերը, տրամադրել սարքավորումներ էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի համար: Նամակագրություններում նաև Ադրբեջանի զինուժի համար դրոնների դեմ կիրառվող «Գրոզա-ԷՍ» շարժական կայանների գնման մասին խոսք կա։

Պարբերականը նաև շեշտել է՝ վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած մարտերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում 2020-ի պատերազմի ընթացքում լայնորեն օգտագործվել են հենց հրետանին և անօդաչու սարքերը։

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը ծանոթացել է փաստաթղթոերի սքրինշոթերին։

«Այդ փաստաթղթերում հիմնականում երևում է, որ Բելառուսում վերանորոգվել ու արդիականացվել են հին սովետական Հաուբիցներ՝ Դ-20, Դ-30, Ակացիա ու Գվոզդիկա ինքնագնացներ, ՄՏ-12 հակատանկային թնդանոթ, Մ-46 հրանոթ։ Մենք էլ նույնատիպ զինատեսակներ ունենք, բայց նրանք դա մոդերնիզացրել են, որպեսզի պահեն մարտական պատրաստության վիճակում», - ասաց նա։

Հաուբիցը հրետանային զենքի տեսակ է։

Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել. Քոչարյան

Խոսելով նույն 18-22 թվականներին Ադրբեջանին բելառուսական զենք վաճառելու մասին՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատության»-ն ասել է՝ Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել։ Հարցին՝ արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ շատ հնարավոր է, պարզապես հայկական կողմը չի արձանագրել:

«Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որն իր խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է հասցնել մեր բոլոր սահմանային ուղղություններով։ Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ էր», - ասաց նա։

Վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է՝ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության», բայց թե ո՞ր երկրներն են, չի հստակեցրել։ Վարչապետն այս շաբաթ նաև ասել է՝ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց երբ՝ չի հստակեցրել։ Տևական ժամանակ է՝ անդամակցությունն է սառեցված։

Նրանք Ադրբեջանի հետ աշխատում են՝ միանգամայն անտարբեր լինելով ՀՀ-ի արձագանքին. փորձագետ

Ռազմական փորձագետը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ այդ քայլին Երևանն ավելի վաղ պետք է գնար. - «Այն, որ Ադրբեջանն ու Բելառուսը համագործակցում են, մեզ համար նորություն չի, և իրենք էլ դա չեն թաքցնում։ Նրանք Ադրբեջանի հետ աշխատում են՝ միանգամայն անտարբեր լինելով, թե Հայաստանի արձագանքը դրան ինչպիսին կլինի»։

Միջազգային փորձագետներից մեկն էլ Politico-ի հետ զրույցում է նկատել՝ Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկը համարվող Բելառուսը դժվար թե գործեր առանց Կրեմլի լուրջ աջակցության:

Հենց արտահոսած փաստաթղթերի հրապարակումից է պարզ դառնում՝ բելառուսական մատակարարումներն Ադրբեջան Ռուսաստանի տարածքով են հասել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG