Մատչելիության հղումներ

Երևանն ու Մինսկը ետ են կանչում դեսպաններին, ՀՀ պաշտոնական այցեր Բելառուս չեն լինի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

Դժգոհելով մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Հայաստանի վարչապետը տեղեկացրեց՝ այսօրվանից հայկական կողմի պաշտոնական այցերը Բելառուս դադարեցվում են։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ներքաղաքական լարվածության պայմաններում արձագանքելով կառավարության ծրագիրը տապալելու մասին ընդդիմության պնդումներին։

«Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի», - ասաց վարչապետը:

Փաշինյանի ելույթից րոպեներ անց ԱԳՆ-ը հայտարարեց, թե հետ է կանչում Բելառուսում Հայաստանի դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Ժամեր անց հետևեց Մինսկի համարժեք արձագանքը՝ Բելառուսը ևս ետ կանչեց իր դեսպանին, միաժամանակ ընդգծեց՝ չեն պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, չենք խառնվում ներքին գործերին, հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարեկեցության մասին», - նշել է Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակ Անատոլի Գլազը:

Տասնամյակներ շարունակ միևնույն կազմակերպություններին անդամակցող Հայաստանի ու Բելառուսի միջև դիվանագիտական այս ճգնաժամից առաջ՝ անցած մայիսի կեսին, Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ քննարկել էր 2020-ի պատերազմը և այն, թե ինչպես են իրենք ժամանակին հավատացել Ադրբեջանի հաղթանակին: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդել էր՝ 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ առնվազն երկու պետություն, մեկը՝ հենց Բելառուսը:

«Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այդպես շարունակ, չնայած նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու», - նշել է վարչապետը:

Հայաստանի վարչապետն ասել էր, թե այս փաստն ինքը չորս տարի է՝ 2020-ի պատերազմից հետո փորձում է բացատրել մարդկանց։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր Բելառուսի նախագահին անկախության օրվա առթիվ և պնդում, թե համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են երկու երկրների շահերին:

Մինսկից Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունները համարել են իմպուլսիվ, պնդելով, թե դրանցով Նիկոլ Փաշինյանը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից:

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում, և տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն սթրեսի նկատմամբ։ Սա կարող ենք հասկանալ, բայց չենք հասկանում ի՞նչ կապ ունի Բելառուսը», - նշել է Բելառուսի ԱԳն խոսնակը:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից: Եվ եթե երեկ հայտարարում էր կառույցը լքելու մտադրության մասին և պնդում, թե հետդարձի ճանապարհ չկա, այսօր ժամկետներն առավել անորոշ դարձրեց. - «Երբ դա տեղի կունենա, կորոշենք՝ հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի»:

Փաշինյանի երեկվա ելույթից հետո արտգործնախարարը շտապել էր պարզաբանել՝ վարչապետի խոսքը չի նշանակում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս: Կառույցից արձագանքել են՝ Արարատ Միրզոյանի ասածն են հիմք ընդունում. - «Մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության նկատելի նվազմանը, Հայաստանը շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ»:

Կրեմլի խոսնակն էլ իր հերթին նշել է՝ Ռուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։

XS
SM
MD
LG