Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, այսօր Ազգային ժողովում, 2023-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«21-26 թվկանի կառավարության ծրագրում չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ», - ասաց գործադիրի ղեկավարը։
Թե, երբ դա տեղի կունենան, ըստ վարչապետի, «հնարավոր է մեկ ամիս, հնարավոր է մեկ տարի, հնարավոր է երեք տարի հետո»:
Վարչապետը երեկ խորհրդարանում, հարցուպատասխանի ժամանակ, ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ «Մեղավորը նրանք ենք, ովքեր ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը», - հայտարարեց Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց՝ Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։
Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։ Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։