Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանին կոչ է անում դադարեցնել ՀԱՊԿ-ի անդամակցության շուրջ «քաշքշոցը»


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, կոչ է արել Երևանին դադարեցնել ՀԱՊԿ-ի անդամակցելու շուրջ «անվերջ քաշքշոցը»։

«Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են կամավոր։ Այնտեղ մասնակից երկրների վրա ճնշման հրամանատարական և վարչական համակարգ չկա, փոխադարձ հարգալից երկխոսություն է ընթանում, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

  • Վարչապետը երեկ ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։
  • Ավելի վաղ նա ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:
  • Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։
  • Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։ Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG