Եվրոպացի առաջնորդները համաձայնել են՝ պետք է շարունակել աջակցությունն Ուկրաինային
Փարիզում այսօր անցկացվել է Ուկրաինային աջակցող մոտ 30 երկրների առաջնորդների հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Ուկրաինային հետագայում անվտանգության երաշխիքներ տալու գործառնական ծրագրերը: Եվրոպացի առաջնորդները համաձայնել են՝ պետք է շարունակել աջակցությունն Ուկրաինային, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար դեռ վաղ է:
Հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը տեղեկացրեց, որ կոալիցիայի երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է երեք շաբաթում առաջարկներ ներկայացնել, թե ինչպես կարող է մշտադիտարկվել հրադադարը: Առաջարկների վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն նաև ԱՄՆ-ին:
Բացի դրանից՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ռազմական պատվիրակություններ կուղարկեն Ուկրաինա՝ պլանավորելու, թե ինչպիսին պետք է լինեն այդ ուժերը: Նա նաև մանրամասնել է, որ դրանք կլինեն ոչ թե խաղաղապահներ, այլ երաշխավոր ուժեր և չեն տեղակայվի սահմանին: Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ այս ուժերի ձևավորման հարցում լիովին համաձայնություն չկա, թեև դա հարկավոր չէ, որպեսզի մյուսներն առաջ շարժվեն:
Մասնակիցները նաև համաձայնել են, որ պետք է շարունակել աջակցությունն Ուկրաինային, որպեսզի այն ուժեղ դիրքերից բանակցի, ինչպես նաև շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի և նրա ստվերային նավատորմի վրա:
«Մենք պետք է խաղաղություն նվաճենք, մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան լավ դիրքերում է բանակցությունների ընթացքում ... Բոլոր երկրները համաձայնեցին, որ պատժամիջոցները հանելու համար դեռ վաղ է», - ասել է Էմանյուել Մակրոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին հայտարարեց, որ բոլորն են համաձայնել, որ Մոսկվան փորձում է ձգձգել պատերազմը, հետևաբար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք Մոսկվան որպես նախապայման է օգտագործում Սև ծովում հրադադար ապահովելու համար, պետք չէ վերացնել:
«Հարկավոր է ավելի մեծ աջակցություն Ուկրաինային՝ համոզվելու համար, որ այն հնարավորինս ամուր դիրքերում է թե՛ հիմա, թե՛ հետագա բանակցություններում: Երկրորդ՝ լիակատար հստակություն կա, որ այժմ պատժամիջոցների վերացման ժամանակը չէ, ընդհակառակը», - հավելել է նա։
Նախագահ Զելենսկին հանդիպմանն ասել է, որ Սև ծովում հրադադար հաստատելու համար Ռուսաստանի պահանջներն անիրատեսական են, իսկ պատժամիջոցները վերացնելը աղետալի հետևանքներ կունենա դիվանագիտության համար: Ըստ նրա՝ Ռուսաստանը ժամանակ է ձգում, որպեսզի ավելի շատ տարածքներ գրավի Ուկրաինայից:
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինային աջակցողների կոալիցիան արդեն փաստացի գործում է, և հիմա պետք է պատասխանել մի քանի կոնկրետ հարցի՝ ե՞րբ կսկսվի հրադադարը, ե՞րբ պատերազմն ամբողջությամբ կավարտվի, ե՞րբ այս ուժերը կտեղակայվեն Ուկրաինայում և կոնկրետ որտեղ, ի՞նչ քանակով ու կառուցվածքով, ինչպիսի՞ն կլինեն դրանց արձագանքման ընթացակարգերը սպառնալիքի դեպքում:
«Մեզ պետք է մեկ հստակ ծրագիր՝ ծրագիր, որի շուրջ մենք բոլորս կարող ենք համաձայնության գալ և սկսել իրականացնել՝ հիմնված այն տարբերակների և փորձի վրա, որոնք արդեն քննարկվել են ձեզ հետ և հասանելի են ձեզ», - ասել է նա:
Վաշինգտոնը ցանկանում է հասկանալ, թե ինչ է ակնկալում Մոսկվան, որպեսզի կարողանան առաջ շարժվել
Միացյալ Նահանգները, մինչդեռ, մտադիր է գնահատել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու Մոսկվայի պահանջը և հասկանալ, թե ինչպես կարելի է առաջ շարժվել: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել է, որ ոչ բոլոր պատժամիջոցներն է ԱՄՆ-ն սահմանել:
«Մենք կգնահատենք դրանք: Այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք մերը չեն: Դրանք սահմանել է Եվրոպական միությունը ... Այնուհետև մենք դա կներկայացնենք նախագահին, որը պետք է որոշում կայացնի, թե որն է հաջորդ քայլը», - ասել է նա:
Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Դնեպրին, Խարկովին, Սումիին, Խերսոնին:
Խարկովի բնակիչ Հաննա Գլադկովայի խոսքով՝ անօդաչուի հարվածի ձայնը լսելիս դուրս են եկել միջանցք: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ դուռը պոկել է ու նետել է իրենց վրա: Նա ասել է, որ ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանը կգնա հրադադարի:
Նատալիա Ռումյանցևան էլ հավելել է է, որ շատ ծանր գիշեր է եղել, հարվածի հետևանքով զրկվել են ջեռուցումից:
Ռուսաստանն ուկրաինական կողմին մեղադրել է Բրյանսկում և Ղրիմում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու մեջ: