Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում նա նաև ասել է, որ ռուս - ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը Ղրիմի կարգավիճակն է և Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը նույնպես ռուսական հսկողության տակ է։
«Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության ներքո մնալուն, իմ կարծիքով՝ սա է կոնֆլիկտի հանգուցային կետը», - ասել է ԱՄՆ բանագնացը, միաժամանակ հարցադրում արել, իսկ աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսական տարածքներ են։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային անցած տարվա գարնանը, սակայն օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնել: Զելենսկու հետ բանակցելուց հրաժարվող Ռուսաստանը հենց սա է մատնացույց անում՝ պնդելով, թե նա լեգիտիմ նախագահ չէ: Վաշինգտոնը ևս կարծում է, որ Ուկրաինայում ընտրություններ պետք է անցկացվեն: