Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ փորձագիտական խմբերի միջև երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր, ՏԱՍՍ-ին ասել է ռուսական պատվիրակության անդամ, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ նշելով՝ բազմաթիվ խնդիրներ են քննարկվել։
«Հագեցած, բարդ երկխոսություն էր, բայց միանգամայն օգտակար՝ թե՛ մեզ, թե՛ ամերիկացիների համար։ Բազմաթիվ խնդիրներ են քննարկվել։ Իհարկե, ոչ բոլոր հարցերի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել, բայց այն, որ նման խոսակցություն եղավ, ինձ թվում է, շատ ժամանակին է՝ հաշվի առնելով թե՛ նոր վարչակազմը, թե՛ փորձագիտական խմբերում նոր քաղաքական գործիչների առկայությունը», - ասել է ռուսական պատվիրակության անդամը։
Կարասինը նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության մասնակցությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի և առանձին երկրների՝ շեշտելով՝ «երկխոսությունը կառուցողական է, դրանով հետաքրքված է ինչպե Ռուսաստանն, այնպես էլ Ամերիկան»։
ՌԴ-ԱՄՆ պատվիրակություններն Էր-Ռիյադում նախօրեին Ուկրաինայի հարցով ավելի քան 12 ժամ բանակցել են։ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ բանակցություններից հետո կողմերը փորձել են համաձայնեցնել համատեղ հայտարարության տեքստը, սակայն դա անմիջապես հնարավոր չի եղել անել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունն ու Կրեմլը պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր՝ մարտի 25-ին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումից մեկ օր առաջ ասել էր, որ օրակարգում սևծովյան հացահատիկի գործարքի վերսկսումն է։ Նման պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը՝ վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էլ հաստատել էր, որ պատվիրակությունները կենտրոնանալու են Սև ծովում ռազմական գործողությունների դադարեցման վրա, իսկ բանակցությունների հաջորդ փուլում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկելու են հրադադարի հաստատման, խաղաղապահների, տարածքների պատկանելիության հարցեր։