Մատչելիության հղումներ

Թրամփը պնդում է՝ Ռուսաստանը գուցե ժամանակ է ձգում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի ստորագրման հարցում


Մոսկվան հայտարարել է՝ Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների վերացումից հետո միայն ուժի մեջ կմտնի Սև ծովում հրադադարը, որի շուրջ ԱՄՆ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են Սաուդյան Արաբիայում երեք օր տևած բանակցությունների արդյունքում:

Կրեմլը մասնավորապես պահանջում է վերացնել «Ռոսսելխոզբանկ»-ի և պարենային ապրանքների միջազգային առևտրով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները, այդ ընկերություններին միացնել SWIFT վճարային համակարգին, հանել նավահանգիստներում Ռուսաստանի դրոշի ներքո սննդամթերքի ու պարարտանյութերի առևտրում ներգրավված նավերի սպասարկման, նաև Ռուսաստան գյուղտեխնիկայի, սննդամթերքի և պարարտանյութերի արտադրությունում օգտագործվող այլ ապրանքների ներկրման սահմանափակումները:

ԱՄՆ նախագահն ասել է, որ կքննարկեն Մոսկվայի պահանջները։ «Կա մոտ հինգ կամ վեց պայման: Մենք քննարկում ենք դրանք բոլորը»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Newsmax-ին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չի բացառել, որ Ռուսաստանը գուցե ժամանակ է ձգում. - «Չգիտեմ... Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է, որ դա ավարտվի, սակայն հնարավոր է, որ ոտքները կախ են գցում»:

Եվրամիությունից Reuters-ին ասել են, որ ԵՄ պատժամիջոցները չեն թիրախավորում գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի առևտուրը: Եվրոպացի պաշտոնյան, ում անունը չի նշվում, ասել է՝ ԵՄ գլխավոր նպատակը մնում է առավելագույնի հասցնել Ռուսաստանի վրա ճնշումը, ապա հավելել, որ պատժամիջոցները չեղարկելու գլխավոր պայմաններից մեկը ռուսական զորքի դուրսբերումն է Ուկրաինայից:

«Պատժամիջոցները փոխելու կամ դրանք չեղարկելու գլխավոր պայմանը կլինի Ուկրաինայում Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ագրեսիայի դադարեցումը և ռուսական զորքի դուրսբերումը ողջ Ուկրաինայից», - նշել է պաշտոնյան:

Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքներով ԱՄՆ-ն պարտավորվել է օգնել՝ վերականգնելու Ռուսաստանի մուտքը գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի արտահանման համաշխարհային շուկա, նաև ընդլայնելու նավահանգիստների և վճարային համակարգերի հասանելիությունը: Կողմերը նաև պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել էներգետիկ օբյեկտներին չհարվածելու մասին պայմանավորվածության իրականացման համար:

Կրեմլը նաև հրապարակել է Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա տարածվում է հրադադարը: Սակայն այսօր Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար: Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինացիները Ղրիմում հարվածել են ստորգետնյա գազապահեստարանի, իսկ Բրյանսկում և Ռոստովում՝ էլեկտրակայանների: Կիևից հերքել են այս պնդումները՝ նշելով, որ վերջին մեկ շաբաթում ուկրաինական ութ էներգետիկ օբյեկտ է հարձակման ենթարկվել:

Նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ թեև չեն վստահում Ռուսաստանին, սակայն կկատարեն ստանձնած պարտավորությունները: Նա նաև ասել է, որ հրադադարի շուրջ բանակցություններից հետո էներգետիկ օբյեկտներին հարվածելով՝ Մոսկվան ողջ աշխարհին ցույց է տալիս, որ մտադիր չէ խաղաղություն հաստատել:

«Աշխարհը պետք է ավելի կոշտ քայլեր ձեռնարկի և ակնհայտ ճնշում բանեցնի Ռուսաստանի վրա՝ ավելի մեծ ճնշում պետք է լինի, ԱՄՆ-ի կողմից ավելի շատ պատժամիջոցներ պետք է լինեն, որպեսզի ռուսական հարվածները դադարեցվեն», - նշել է Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանն այսօր անօդաչուներով հարվածել է նաև Կրիվոյ Ռոգ և Սումի բնակավայրերին: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուներ է խոցել Սև ծովում և այլ շրջաններում: Բելգորոդում՝ Ուկրաինայի հետ սահմանին, ականի պայթյունից զոհվել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG