Ադրբեջանի նախագահը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - հայտարարել է Իլհամ Ալիևը Բաքվում կազմակերպված միջազգային երկու համաժողովներին հղած ուղերձում։ Դրանցից մեկը նվիրված է կլիմայի փոփոխությանն ու մարդու իրավունքներին, մյուսը՝ անհետ կորածներին։
«Եթե Հայաստանն իսկապես ուզում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է վճռականորեն դատապարտի գերեվարված ադրբեջանցիների նկատմամբ իրականացված գազանությունները։ Դա կարող է դառնալ երկու երկրների միջև վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - նշել է Ալիևը։
Բաքվում հրավիրված խորհրդաժողովներին մասնակցում են մի շարք երկրների պաշտոնյաներ, օմբուդսմեններ, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ֆլորենս Անսելմոն։ Նրանց, ինչպես նաև երկրում հավատարմագրված դեսպաններին վաղը ադրբեջանցի պաշտոնյաները կուղեկցեն «Աղդերե»՝ Մարտակերտ, ինչպես Ալիևն է ձևակերպել, «հայերի վանդալիզմից տուժած շրջաններն ու զանգվածային գերեզմանները ցույց տալու համար»։
«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Պահանջներ դնելով Հայաստանի առջև՝ Ալիևը որևէ խոսք չի ասել իր երկրում պահվող հայ գերիների, անհետ կորածների, կամ՝ պատերազմից հետո խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունների մասին։
2020-ի հրադադարից հետո, մասնավորապես, բրիտանական The Guardian-ը ուսումնասիրել էր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, որոնցում երևում էր՝ ինչպես են ադրբեջանական բանակի համազգեստ հագած տղամարդիկ գլխատում երկու հայ տարեցների։ Հայկական կողմը սպանությունների փաստով քրեական գործ էր հարուցել, հեռակա մեղադրանք առաջադրել ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին, նրա նկատմամբ միջպետական հետախուզում էր հայտարարվել։ Այս տարվա փետրվարին ռուս իրավապահներն ադրբեջանցուն ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ «Հույս ունեմ, որ մեր պետական կառույցները կաջակցեն ինձ», - հայտարարել էր Զեյնալին։ Մի քանի ժամ անց ռուս իրավապահները նրան ազատ էին արձակել և ուղարկել Բաքու, որտեղ այսօր էլ աշխատում է և պարբերաբար սոցիալական ցանցերում գրառումներ անում 44-օրյա պատերազմի մասին։
Պաշտոնական Երևանն այդ օրերին հայտարարում էր, թե պարզաբանում են ակնկալում ռուսներից, «կլինեն պատասխան գործողություններ», - խոստացել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի՝ և մեր իրավապահ մարմինների մեր գործընկերների հետ այդ թվում», - ասել էր փոխվարչապետը:
Ի՞նչ գործողություններ են հետևել այս միջադեպին, քանի՞ ադրբեջանցու նկատմամբ է Հայաստանը հետախուզում հայտարարել և ի՞նչ փուլում է այդ գործերով քննությունը․ Հայաստանի Գլխավոր դատախազությունն այսօր չի արձագանքել «Ազատության» այս հարցերին՝ պահանջելով գրավոր հարցում ուղարկել։
Մինչ այդ, Ադրբեջանի նախագահն այսօր Բաքվում, դիմելով միջազգային համաժողովի մասնակիցներին, կրկին պնդել է. - «Հայաստանը ոչնչացրել է ադրբեջանական քաղաքները, բնությունն ու մշակութային ժառանգությունը և պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար»։