Մատչելիության հղումներ

Կանաչ ժամը՝ հողին հավասարեցված. Շուշին մնաց առանց իր եկեղեցիներից մեկի


Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հողին է հավասարեցվել, այս մասին վկայող առաջ և հետո կադրեր է հրապարակել Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը։

Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch-ը Լեռնային Ղարաբաղի հուշարձաններին հետևում է արբանյակային լուսանկրաների միջոցով։ Նախաձեռնության գործընկեր ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը հիշեցնում է՝ 2020 թվականի պատերազմից հետո եկեղեցին պայթեցվել է, հիմա փաստորեն ավերվել է 2-րդ փուլով։

«Կարծում եմ՝ այն անտարբերությունը, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային մշակութապահպան կառույցները, որ դրսևորում են, կարծես թե Ադրբեջանին ավելի է ոգևորում: Շատ հետաքրքիր է՝ իրենք մի քայլ անում են և սպասում են արձագանքի, երբ որ արձագանքը չի լինում, հաջորդ քայլն են անում», - նշեց Պետրոսյանը:

Caucasus Heritage Watch-ը նկատում է, որ եկեղեցին քանդելով Ադրբեջանը կոպտորեն խախտել է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշումը, հիշեցնում է, Կանաչ ժամը հայերը Շուշիում կառուցել էին 1847-ին, այն ուներ կառուցողների մասին հայերեն արձանագրություն՝ եկեղեցին կառուցել էին «պարոն Հովհաննես և Բաբա Ստեփանյան Հովնանենցին՝ ի հիշատակ իրենց հանգուցյալ եղբոր՝ Մկրտիչի»։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքվի՝ ռուս ուղղափառ եկեղեցու թեմը խոստացել էր վերականգնել Կանաչ ժամը, սակայն փաստորեն, ըստ հետազոտողների, եկեղեցին հողին հավասարեցվեց։

Կանաչ ժամից հետո հաջորդ վտանգված մշակութային հուշարձանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին է, կարծում է գիտնականը։

«2,5 տարի է Ղազանչեցոցը էդպես տախտակամածերի մեջ, գմբեթի վեղարը քանդել են, ոսկեգույն ներկել են՝ թորձելով նմանեցնել ռուսական ուղղափառ եկեղեցու գմբեթի՝ սպասողական վիճակով, տեսեն ինչ կասեն: Ես կարծում եմ՝ Կանաչ ժամի ավերումը, ի սպառ ոչնչացումն Ադրբեջանի վերջնական նպատակն էր, որը նա իրականացնում է փուլ առ փուլ, և կարծում եմ՝ նա այդպես վարվելու է բազմաթիվ մշակութային արժեքների հետ Արցախի տարածքում», - ասաց Համլետ Պետրոսյանը:

Լեռնային Ղարաբաղում 2 զուգահեռ գործողություն է տեղի ունենում, նկատում է Պետրոսյանը. Բաքուն նախ առանց թաքցնելու վերացնում է վերջին տասնամյակների ընթացքում Արցախի իշխանությունների կողմից կառուցված պետական խորհրդանիշներն ու առաջին պատերազմին նվիրված հուշարձանները, օրինակ, մարտի սկզբին հենց ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր տարածեցին Ստեփանկերտի Վերածննդի հրպարակից, որոնցից պարզ երևում էր՝ քանդվում էր խորհրդարանի շենքը։

«Քաղաքական, մշակութային կառույցները, հուշարձանները համարում է օկուպանտական ու առանց թաքցնելու դեմոստրատիվ ոչնչացնում է դա: Մենք Ստեփանակերտի ապահայկականացման մոտավորապես մի 20 դեպք ենք արձանագրել: Նույնը տեղի է ունենում շրջկենտրոններում, նույնը տեղի է ունենում գյուղերում: Համարյա շաբաթը 1-2 նման Հայրենական պատերազմի և Արցախյան ազատարմարտի հուշարձանների վերացում, որից չի խորշում ինքը», - ընդգծեց գիտնականը:

Ավելի վաղ ժամանակաշրջանի հուշարձանները կամ հայտարարվում են աղվանական, դրանցից ջնջվում հայերեն արձանգրությունները, կամ փաստորեն քանդվում, ինչպես Կանաչ ժամը։

Շուշիում բնակված Գայանե Իշխանյանն ասում է՝ ցավալի է, երբ թողնում ես տունդ ու հեռանում, կրկնակի վշտալի է՝ երբ տեսնում ես ինչպես են քանդվում քեզ համար կարևոր վայրերը։

Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հայկական հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ ՄԱԿ-ի մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ թույլ չի տրվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG