Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու հիմնավորմամբ Հայաստանը տարեսկզբին դարձավ Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Սակայն, մինչև այսօր պաշտոնական Երևանը հայցեր չի ներկայացրել ադրբեջանցիների ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ:
«Փաստահավաք աշխատանքներ, բնականաբար, իրականացվել են նաև քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Այս պահի դրությամբ գործընթաց չի իրականացվում: Կարծում եմ՝ նախաձեռնելու դեպքում հենց սկզբնական փուլում դրա մասին բարձրաձայնելու անհրաժեշտություն, նաև քննարկման ենթակա է», - «Ազատությանն» ասել է Արդարադատության նախարարության խորհրդական Ռուբինա Մխիթարյանը։
Նա միաժամանակ չի ասում՝ կոնկրետ երբ և ինչ բովանդակությամբ կարող են լինել Երևանի հայցերն ընդդեմ Բաքվի մի փուլում, երբ երկու պետությունները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։
Հայաստանի ինքնիշխան տարածք 2021 և 22 թվականի ադրբեջանական ներխուժումներից հետո կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միջազգային դատարանին միանալու անհրաժեշտությունը բացատրում էր նաև Բաքվի հնարավոր հարձակումները զսպելու մեխանիզմ ստանալու հանգամանքով։ Բացի այդ, ասում էր, արցախցիների բռնի տեղահանման հարցը ևս Հայաստանի դիմումով Միջազգային քրեական դատարանը կարող է քննել։
Հաագայում տեղակայված միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի համաձայն՝ դատարանն իրավասու է քննել ցեղասպանության, մարդկության և պատերազմական հանցագործությունների դեմ հայցեր, եթե ազգային դատական համակարգն ի վիճակի չլինի ինքնուրույն դա անել: Միջազգային քրեական դատարանին միացած 124 պետությունների շարքում, սակայն, Ադրբեջանը չկա, Բաքուն չի ստորագրել Հռոմի ստատուտը։
Սրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ակնարկել էր՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միգուցե հետ կանչվեն արդեն իսկ Բաքվի դեմ միջազգային այլ ատյաններում ներկայացված հայցերը. - «Եթե մենք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալը»։
Սա մեզ համար կլինի ջախջախիչ պարտություն. միջազգային իրավունքի մասնագետ
Արդարադատության նախարարությունից վստահեցնում են՝ իրենց վրա որևէ ճնշում չկա, և շարունակում են աշխատանքը՝ ըստ սահմանված կարգի: Բայց փորձագիտական դաշտում Երևանի հայցերը հետ կանչելու սցենարը հավանական համարում են։
«Շատ ցավալի է, որ հայցերը հետ վերցնելու վերաբերյալ խոսակցությունները շարունակվում են, որովհետև մեզ համար դա կլինի ջախջախիչ պարտություն: Իրավաբանորեն այլևս չենք ունենա որևէ հնարավորություն մեր պահանջները ներկայացնելու այն պետությանը, որը մասսայական մարդու իրավունքներ է խախտել, հանցագործություններ է կատարել, ինչպես նաև միջազգային պայմանագրեր է խախտել: Մեր գործողությունները կլինեն աններելի մեր սերունդների համար», - ասում է միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը չպետք է նաև հապճեպ քայլերի դիմի, որոնք կարող են խնդիրներ առաջացնել փաստերի ճշգրիտ հավաքագրման աշխատանքում: Մասնագետը նկատում է՝ Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալուց հետո Ազգային ժողովը դեռ չի ընդունել օրենք այն մասին, թե այդ ատյանի հետ որ գերատեսչության միջոցով է իրականացվելու հիմնական հաղորդակցությունը: Ռուբինա Մխիթարյանն ասում է՝ Արդարադատության նախարարությունում շարունակում են աշխատել մասնագետների վերապատրաստման և օրենսդրական փոփոխությունների վրա։
Հեղինակ՝ Սոնա Հովսեփյան