Շուշի են ժամանում Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Հունգարիայի առաջնորդները՝ բացի Թուրքիայի նախագահից, մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Դեռևս մեկ ամիս առաջ հայտարարված Շուշի այցը Ռեջեփ Էրդողանը ֆուտբոլի պատճառով չեղարկել է։ Թուրքիայի առաջնորդը փոխարենը կմեկնի Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա - Նիդերլանդներ հանդիպմանը: Երեկվանից լայնորեն շրջանառվող այս լուրի ֆոնին այսօր ադրբեջանական պետական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, շտապեցին հայտնել, թե իբր Ադրբեջանի նախագահն է Էրդողանին հորդորել ներկա գտնվել Թուրքիայի հավաքականի խաղին՝ «ընդգծելով թուրք ֆուտբոլիստների հաղթանակի կարևորությունը ամբողջ թյուրքական աշխարհի համար»:
Էրդողանին վաղվա գագաթնաժողովում կփոխարինի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որին Շուշիում արդեն ընդունել է Իլհամ Ալիևը։ Առանձնազրույցի ընթացքում, ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, կողմերը գոհունակությամբ են խոսել բոլոր ոլորտներում «եղբայրական, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման մասին»։ Ադրբեջանի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են նաև հայ - ադրբեջանական և հայ - թուրքական հարաբերությունները, մանրամասներ չեն հաղորդվում։
Վաղվա հավաքին ակնկալվում է նաև կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետի մասնակցությունը։ Այդպիսով Վիկտոր Օրբանը կդառնա Եվրամիության անդամ երկրի առաջին առաջնորդը, որը կայցելի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ:
Այսօր Շուշի է ժամանել նաև կազմակերպության մեկ այլ դիտորդ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդը՝ Էրսին Թաթարը։ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» աշխարհում ճանաչում է միայն Անկարան, և չնայած Թուրքիայի ջանքերին՝ ուղղված այդ կազմավորման միջազգային ճանաչմանը, Բաքուն հրաժարվում է այդ հարցում լինել եղբայրական Անկարայի դաշնակիցը։
2009 թվականին Նախիջևանում ստեղծված թյուրքախոս պետություններին միավորող կազմակերպության վաղվա հավաքի օրակարգից առայժմ մեկ հարց է հայտնի ՝ մասնակիցները մտադիր են «ղարաբաղյան հռչակագիր» ընդունել, որը ներկայացվում է որպես «պատմական հայտարարություն՝ կազմակերպության զարգացման և նպատակների իրականացման տեսանկյունից»։
Ալիևը մինչ Շուշի ժամանելը օրվա առաջին կեսին Ստեփանակերտում էր՝ հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հիմքերը դնելու։
Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բուն իրադարձությունները ծավալվում էին Վերածննդի հրապարակում, որտեղ վաղուց ջնջված են հայկական պատմամշակութային , քաղաքական նշանակության բոլոր կառույցները։ Փոխարենը կգործեն հյուրանոցներ, որոնց բացումն Ալիևի մասնակցությամբ է տեղի ունենում, ինչպես, օրինակ, հրապարակի մոտ գտնվող՝ 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» երբեմնի շքեղ հյուրանոցի բացումը։ Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։
«Արցախբանկ»-ի շենքը ևս ադրբեջանական հյուրանոցի է վերածվել, Ալիևն այսօր այստեղ էլ էր լուսանկարվում։
Մի քանի քայլ հեռու՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ՝ շրջափակման ծանր պայմաններում գտնվող հազարավոր արցախցիներ հուսահատ օգնություն էին հայցում աշխարհից, նույն վայրում այժմ Բաքուն հատուկ միջազգային նշանակության միջոցառումների համար «Կոնգրես կենտրոն» է կառուցում։
Վերածննդի հրապարակից բացի, Ադրբեջանի իշխանությունները վերացրել են նաև այլ հատվածներում հայերի հետ կապ ունեցող կառույցներ։ Թեև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ալիևի վարչակազմից պահանջել է պահպանել հայերի վերադարձի իրավունքը, շատերը հնարավոր վերադարձի դեպքում կարող են չճանաչել այն վայրերը, որտեղից տեղահանվել էին ամիսներ առաջ։
Ադրբեջանական աղբյուրների հրապարակած, ինչպես նաև արբանյակային լուսանկարների համաձայն՝ Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է քանդվել՝ այդ թվում ավտոկայանը ։ Այս հատվածը հարում է Արցախի Պետհամալսարանի տարածքին։ Ալիևն այսօր այստեղ ծանոթանում էր ադրբեջանական դարձած բուհի շենքում իրականացված շինաշխատանքներին։
Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մինչև սեպտեմբեր 1200 ուսանող գտնել այստեղ սովորելու համար։ Արցախի Պետական համալսարանը Ադրբեջանի առաջատար բուհ դարձնելու համար Բաքուն շուրջ 6 միլիոն դոլար է ծախսել՝ գայթակղիչ պայմաններ առաջարկելով ադրբեջանցի շրջանավարտներին ուրվականնների քաղաք հիշեցնող Ստեփանակերտում կրթություն ստանալու համար։