«Իրավական գործընթացը մեզ թույլ է տալիս չհայտնվել քաղաքական բանակցությունների փակուղիներում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
Եվրոպական դատարանը գոյություն ունեցող հնարավորություններից մեկն է, որով կարողանում ենք փաստաթղթավորել մարդու իրավունքների չարաշահումները. Սահակյան
«Եվրոպական դատարանը գոյություն ունեցող հնարավորություններից մեկն է, որով կարողանում ենք փաստաթղթավորել մարդու իրավունքների չարաշահումները, պատերազմական հանցագործությունները, և այս հենքի վրա բարձրաձայնում ենք անհատական քրեական պատասխանատվության խնդիրը: Եթե դրանք չփաստաթղթավորվեն, ժամանակի ընթացքում կկորչեն և կմնան ընդամենը փոխադարձ մեղադրանքների դաշտում, իրական, իմաստալից իրավական գործընթացների նախադրյալներ մենք չենք ունենա», - ասաց Սիրանուշ Սահակյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցին, թե ինչ շոշափելի արդյունք է տալիս Եվրոպական դատարան դիմելը հայկական կողմին:
«Երբ դիմում ենք իրավական պաշտպանության, և դրա մասին տեղեկացվում են քաղաքական դերակատարները, իրավական գործընթացով զսպում ենք քաղաքական գործընթացի կամայականությունները: Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ խնդիրը գտնվում է նաև միջազգային ատյաններում, և միջազգային ատյանների ճնշման և դատական ակտերի ներքո ստիպված է լինելու կատարել որոշ պահանջներ, որը հրաժարվում է իրականացնել քաղաքական բանակցությունների ճանապարհով, այսինքն՝ իրավական գործընթացը մեզ թույլ է տալիս չհայտնվել քաղաքական բանակցությունների փակուղիներում», - ասաց նա:
«Անմիջական ազդեցություն ունեցող գործիքները քաղաքական պատժամիջոցներն են»
Ինչ վերաբերում է միջազգային քրեական դատարանին, որի մասին ևս հարց էր հնչել, իրավապաշտպանն ընդգծեց, որ դա ևս հնարավորություն է, բայց միաժամանակ նկատեց՝ քրեական դատարանի ազդեցությունը ժամանակ է պահանջելու՝ 5-10 տարի:
«Անմիջական ազդեցություն ունեցող գործիքները քաղաքական պատժամիջոցներն են, որոնք կիրառվում են նախ արտաքին քաղաքականությունը հաշվի առնելով, և պետությունների աղմուկն ու կատարած աշխատանքը այստեղ նշանակություն ունի: Ես կարծում եմ՝ այստեղ է, որ մենք ունենք թերացումներ», - շեշտեց նա:
Ըստ իրավապաշտպանի, Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում
Հարցին՝ ի՞նչ պիտի անի Հայաստանի կառավարությունը, որ չի անում, Սիրանուշ Սահակյանն արձագանքեց. «Օրինակ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն երբ հայտարարում են ՀՀ-ին սատարելու ու մարդու իրավունքներն ու դեմոկրատիան պաշտպանելու իրենց պատրաստակամության մասին, անպայմանորեն քաղաքական երկխոսության մեջ պետք է դրվի նրանց կողմից ադրբեջանցիների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Եթե այդ պատժամիջոցները չեն կիրառվում, և մեր նկատմամբ երկակի ստանդարտներ են դրվում, ապա մեր փոխհարաբերություններում պետք է բարձրաձայնվի երկարաժամկետ հեռանկարով դեպի Արևմուտք ձգտելու հայկական կուրսի նպատակահարմությունը»:
Ըստ իրավապաշտպանի, Արևմուտքն իր գործիքակազմը չի գործադրում հայկական կոնտեքստում, հակառակն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դեպքում. «Ուկրաինականի պարագայում մենք տեսնում ենք ոչ միայն ռազմական օգնություն, նաև շատ ներգործուն պատժամիջոցներ, որոնք հարվածում են որոշում կայացնող պաշտոնյաներին, բիզնեսներին, անգամ՝ քաղաքացիներին:
Պետությունն այն սուբյեկտն է, որը կարող է բացատրություն պահանջել, թե ինչու Հայաստանի հետ կապված հարաբերություններում այս գործիքները չեն օգտագործվում»:
Տոյվո Կլաարի հայտարարությունների մասին
Երեկ համացանցում տարածվել էր տեսագրություն, որում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված, անզեն հայ զինվորականներին։
- Անդրադառնալով տեսանյութին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում գրել էր. «Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն»։
- Իսկ այսօր նա գրել է. «Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները»:
Սիրանուշ Սահակյանը խոսեց նաև Կլաարի այս հայտարարությունների մասին. «Սա արհեստականորեն երկու պետությունների մեջ հավասարության նշան դնելու քաղաքականության մաս է, և նրանք, որպես կանոն, չեն արձագանքում այն միջադեպերին, որոնք միակողմանի են, եթե նույնիսկ համարձակվել են և արձագանքել են, անպայմանորեն լինում է քաղաքական ճնշում Ադրբեջանի իշխանությունների կողմից»:
Իրավապաշտպանն ասաց, որ տեսանյութերից հավաքագրում են նաև տեղեկություններ, որոնք կարող են բացահայտել հայաստանյան զինված ուժերի կողմից կատարված չարաշահումներ, հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնում են ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությանը, խնդրում, որ հետաքննեն: Առ այսօր, սակայն, հայկական ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների գնդակահարության դեպք չեն հանդիպել։
Պաշտոնական Երևանը չպետք է բավարարվի հայտարարություններով
Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, որ հետամուտ են լինելու միջազգային բոլոր հարթակներում, ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, Սիրանուշ Սահակյանը հակադարձեց. - «Այդ հայտարարությունը ես կարող եմ անել, և հասարակությունը կընկալի, բայց Հայաստանի Հանրապետությունը ունի իրավապահ համակարգ, որը ստեղծված է հանցագործություններ քննելու, բացահայտելու և մեղավորներին պատժելու համար: Այս դեպքում մենք ունենք մեր քաղաքացիների դեմ կատարված ծանրագույն հանցագործություն: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը արդյունավետորեն քննել է այդ միջադեպերը և օգտագործում է միջազգային համագործակցության գործիքները մեղավորներին Հայաստան բերելու և Հայաստանում արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով»:
«Մենք, օրինակ, տեսանք, թե պրոպագանդայի նպատակներից ելնելով ինչպես Ադրբեջանը միջազգային քրեական ոլորտում համագործակցության պայմանագրերի հիման վրա կարողացավ Բելառուսից հասնել հանձնման՝ ցուցադրական դատապարտմամբ, որտեղ ցույց տվեց իր ուժը, այսինքն՝ Ադրբեջանի ընկալված շահերի դեմ գործողություն կատարած յուրաքանչյուր անձ՝ անկախ իր քաղաքացիությունից, անպատիժ չի մնա», - նշեց իրավապաշտպանը:
«Եթե Հայաստանը ցանկանում է համոզել Նիդերլանդների կառավարությանը, որոնք, ասեմ, շատ բարեկամաբար են տրամադրված, որ պետք է այս դեպքերը հետաքննել, իրենք պետք է կարողանան աջակցել: Օրինակ, ասենք՝ ունենք բացահայտված այս դեպքը, ունենք այսպիսի ապացույցներ, ունենք նույնականացումներ, հիմա փոխօգնության կարգով ուղարկում ենք, որպեսզի դուք էլ լրացնեք այդ գործողությունների կատարումը, հսկողության տակ վերցնեք այս արարքին առնչություն ունեցող ադրբեջանցիներին, անհրաժեշտության դեպքում ձերբակալեք, ներկայացնեք ձեր երկրում արդարադատության, կամ հանձնման գործիքներով ուղարկեն Հայաստան, որպեսզի մենք կարողանանք պատժենք», - մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը:
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․