Մատչելիության հղումներ

Բայդենը կարող է թույլ տալ, որ Ուկրաինան արևմտյան զենքն օգտագործի Ռուսաստանի վրա հարձակվելու համար. New York Times


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարող է թույլ տալ, որ ուկրաինական բանակը արևմտյան զենքն օգտագործի Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար, այսօր գրել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հեղինակավոր ամերիկյան պարբերականի, Սպիտակ տունն, այդուամենյանիվ, մեկ նախապայման ունի՝ Ուկրաինան չպետք է ամերիկյան զենք օգտագործի այդ նպատակով։ Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Վաշինգտոնյան այցի ժամանակ։

Մինչ այդ՝ երեկ, Ռուսաստանը՝ նախագահի մակարդակով շտապել է զգուշացնել՝ դա լուրջ հետևանքներ կունենա:

«Անմիջական մասնակցությունը էապես փոխում է հակամարտության էությունը, բուն բնույթը։ Դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ը, եվրոպական երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Եվ եթե դա այդպես է, ապա մենք կկայացնենք համապատասխան որոշումներ», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Արձագանքելով Պուտինին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր հիշեցրել է՝ Մոսկվան է պատերազմը սկսել, և Մոսկվան է, որ պետք է քայլեր ձեռնարկի այն ավարտելու համար։

«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը: Ռուսաստանն անօրինական կերպով ներխուժեց Ուկրաինայի տարածք: Ռուսաստանը կարող է դադարեցնել այս հակամարտությունը հենց հիմա: Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, և մենք լիովին աջակցում ենք այդ իրավունքի իրագործմանը», - նշել է Սթարմերը:

Սթարմերը չի հերքել, որ Լոնդոնը կարող է հեռահար զենքերով Ռուսաստանին հարվածելու արտոնություն տալ

Նախօրեին բրիտանական Guardian-ը գրել էր, որ Լոնդոնն ուզում է թույլ տալ Ուկրաինային օգտագործել Storm Shadow թևավոր հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար, և որ Սթարմերը մտադիր է այս հարցում խորհրդակցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ։

Պաշտոնական հաստատում, սակայն, դեռ չի հնչել։ Վարչապետ Սթարմերն այսօր զուսպ է արձագանքել այս մասին լրագրողների հարցերին, միաժամանակ չի հերքել, որ Լոնդոնը կարող է հեռահար զենքերով Ռուսաստանին հարվածելու արտոնություն տալ։

Ավելի վաղ՝ այս շաբաթ, նաև այդ հարցը քննարկելու համար Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին այցելել էին Կիև։

Ու մինչ Վաշինգտոնում այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, Մոսկվան այսօր արտաքսել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան վեց աշխատակցի։ Ռուսաստանը պնդում է , թե իբր ստացել է նյութեր, որոնք հաստատում են՝ Մեծ Բրիտանիան է համակարգում «միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը»: Լոնդոնից հայտարարել են՝ այդ մեղադրանքները իրականության հետ որևէ կապ չունեն։

«Նրանք հայտարարում են, թե ռուսական հետախուզությունը փաստաթղթեր ունի, որտեղ ասվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան խնդիրն է ապահովել Ռուսաստանի ռազմավարական պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ինչպիսի նորություն, - BBC-ի եթերում ասել է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Պիտեր Ռիքեթսը, ընդգծելով,- իրականում, դա մի քաղաքականություն է, որի մասին բրիտանացիները հայտարարում են արդեն երկուսուկես տարի»։

Իրավիճակը ռազմաճակատում մնում է խիստ լարված

Դիվանագիտական ճամբարում շարունակվող այս մեղադրանքների ֆոնին՝ իրավիճակը ռազմաճակատում մնում է խիստ լարված։ Ռուսական ուժերը ոչ միայն ամեն օր ռմբակոծում են ուկրաինական քաղաքներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքը, այլև ակտիվ գրոհում մի շարք ուղղություններով։

Թեժ կետերից մեկը շարունակում է մնալ Դոնեցկի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկը, հաղորդվում է, որ ռուսական զորքերը գտնվում են քաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Միաժամանակ՝ ռուսներն անցել են հակահարձակման իրենց իսկ տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ մեկ ամիս առաջ ուկրաինացիները տասնյակ բնակավայրեր էին գրավել։

Նախագահ Զելենսկին երեկ հաստատել է այս մասին լուրերը, միաժամանակ պնդել է, թե ամեն ինչ ընթանում է ըստ ուկրաինական սցենարի։

«Ռուսները սկսել են հակահարձակողական գործողություններ Կուրսկի մարզում. դրանք ընթանում են մեր՝ ուկրաինական պլանի համաձայն», - ասել է Զելենսկին։

Թե ինչ պլանի մասին է խոսքը, Զելենսկին չի հստակեցրել։ Ռուսական կողմը երեկ հայտարարել էր, որ մեկ տասնյակից ավելի բնակավայրեր է ազատագրել։ Անկախ աղբյուրներն այս տեղեկությունը դեռ չեն հաստատել։

XS
SM
MD
LG