Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը Կուրսկի մարզում հակահարձակման է անցել


Ռուսական բանակը Կուրսկի մարզում հակահարձակման է անցել։ «Ախմատ» հատուկ ջոկատի հրամանատարը պնդել է, թե կարողացել են մի քանի բնակավայր վերցնել։ Ըստ ուկրաինական ռազմական deep state տելեգրամ ալիքի՝ մարտերը հատկապես թեժ են Գլուշովկսիի շրջանում։

Մեկ ամսից ավելի է, ինչ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստանի տարածք։ Այսօր Կուրսկի նահանգապետը հայտնել է, որ այս ընթացքում մարզի սահմանամերձ շրջաններից շուրջ 150 հազար բնակիչ է տարհանվել։

Արևելյան ճակատում՝ Դոնեցկի մարզում ռուսները շարունակում են անցած շաբաթների համեմատ դանդաղ, բայց կրկին առաջ գնալ, հիմնական ուղղությունը Պոկրովսկն է։ Ճակատն այժմ քաղաքից ընդամենը ութ կիլոմետր հեռավորության վրա է։ Մինչև պատերազմը 60 հազարից ավելի բնակչություն ունեցող Պոկրովսկը վերածվել է քաղաք - ուրվականի՝ պարետային ժամով, դատարկ փողոցներով, փակ խանութներով... Տեղի իշխանությունները զգուշացրել են բնակչությանը, որ վաղվանից կդադարի գործել նաև երկաթուղային կայարանը, և քաղաքից հնարավոր կլինի դուրս գալ միայն ավտոբուսներով։

Ռազմի դաշտում առաջխաղացմանը զուգահեռ ռուսները նաև շարունակում են ամեն օր ռմբակոծել ուկրաինական քաղաքները ու կենսական նշանակության ենթակառուցվածքները։ Այս փաստարկը բերելով՝ Ուկրաինայի իշխանությունները իրենց արևմտյան դաշնակիցներին հորդորում են վճռական լինել ու թույլ տալ արևմտյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածել՝ ուկրաինացիների կյանքերը փրկելու համար։

Հայտնի է, որ այս հարցն այսօր Կիև ժամանած ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նրա բրիտանացի գործընկեր Դևիդ Լամիի քննարկումների օրակարգում է։

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել էր, որ հարցն այսօր Վաշինգտոնում քննարկվում է:

Կրեմլի խոսնակի կարծիքով՝ ամերիկյան հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածելու արգելքը հանելու որոշումը Վաշինգտոնում արդեն կայացվել է։

«Մոսկվայի արձագանքը համապատասխան կլինի։ Պետք չէ ինչ-որ հատուկ պատասխան ակնկալել, հատուկ ռազմական օպերացիան է պատասխանը», - նշել է Դմիտրի Պեսկովը։

Պետդումայի խոսնակ Վոլոդինի արձագանքն ավելի կոշտ էր, նա սպառնացել էր, թե Ռուսաստանը կպատասխանի «ավելի հզոր և կործանարար զենքով»։

Բլինքեն-Զելենսկի բանակցություններին ընդառաջ ամերիկյան մամուլը գրել է, թե Արևմուտքում հասկանում են, որ չեն կարողանա ապահովել Ուկրաինայի լիարժեք հաղթանակը պատերազմում։

«Ուկրաինային ստիպում են մտածել Ռուսաստանի հետ պատերազմի պլան Բ-ի մասին» հոդվածում Wall Street Journal-ը գրում է՝ ամերիկացիներն ու եվրոպացիները շարունակում են աջակցել Զելենսկուն, բայց քանի որ արևմտյան երկրներում հասարակական աջակցությունը Ուկրաինային նվազում է՝ որոշ եվրոպացի դիվանագետներ կարծում են, որ Կիևը պետք է առավել իրատեսական նպատակներ ձևակերպի պատերազմի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG