Առաջին դեմ առ դեմ հանդիպումը։ Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն այսօր երեկոյան միլիոնավոր ընտրողների առջև կբանավիճեն, 90 րոպե շարունակ կներկայացնեն տրամագծորեն տարբեր պատկերացումներն Ամերիկայի ապագայի վերաբերյալ։
Ամերիկյան փորձագետներն արդեն գրում են, որ նոյեմբերի 5-ի ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից Ջո Բայդենին փոխարինած նախագահի թեկնածու 59-ամյա Քամալա Հարիսը կանի ամեն ինչ՝ ապացուցելու, որ գործող նախագահից շատ ավելի լավ կարող է ներկայացնել դեմոկրատական թեզերը:
ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահ՝ 81-ամյա Բայդենը հունիսին տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում, որն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN-ը Ատլանտայի ստուդիայից, դժվարությամբ, հաճախ կիսատ նախադասությամբ, շփոթված էր ներկայացնում իր դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ: Ձախողված այս բանավեճը հենց մտահոգեց դեմոկրատներին և պատճառ դարձավ, որ Բայդենը լքի մրցապայքարը։
«Եթե Հարիսը հիանալի հանդես գա, ապա դա հաճելի անակնկալ կլինի դեմոկրատների համար։ Իսկ եթե Ջո Բայդենի պես ձախողի, ապա մրցավազքում լրջորեն հետ կընկնի։ Շատ բան է կախված այսօրվա բանավեճից», - հաղորդակցության մասնագետ, նախագահ Ջորջ Բուշի նախկին մամուլի քարտուղար, հանրապետական Արի Ֆլեյշերի կարծիքն է։
Մինչդեռ մասնագետների մի մեծ խումբ, հիշեցնելով, թե ով էր Քամալա Հարիսը նախկինում, վստահություն է հայտնել, որ «դատախազի բնազդները» բանավեճի ժամանակ կօգնեն Հարիսին։
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու 78 - ամյա Դոնալդ Թրամփը դժվար է համակերպվում հարավասիական ծագում ունեցող սևամորթ կին մրցակից ունենալու գաղափարի հետ ու փաստացի քարոզարշավի ընթացքում հաճախ է դիմում ռասայական և գենդերային կարծրատիպերի՝ հիասթափեցնելով անգամ սեփական աջակիցներին, ովքեր կցանկանային, որ առաջիկա բանավեճում Թրամփը կենտրոնանար Հարիսի հետ քաղաքական տարաձայնությունների վրա:
Թրամփի թիմում, այդուհանդերձ, վստահ են, որ նա այսօր իր տոնը չի փոխի և հաշվի չի առնի, որ մրցակիցը կին է։
Թրամփի խորհրդականները Հարիսի բառապաշարն անվանել են անիմաստ արտահայտությունների «բառային աղցան»։ Ինքը Թրամփն էլ անցած շաբաթ էր հայտարարել, թե բանավեճի իր ռազմավարությունն է «թույլ տալ Հարիսին խոսել»:
Ամերիկյան փորձագետները, սակայն, նկատում են, որ հարցազրույցների ժամանակ Դոնալդ Թրամփը հաճախ է ոչ ստույգ, երբեմն սուտ հայտարարություններ անում, վիրավորում իրեն ընդդիմացողներին։
Այսօր սպասվող բանավեճին ընդառաջ ռադիոհաղորդավար Ռիկի Սմայլիին է հետաքրքրվել Քամալա Հարիսից՝ ինչպես է արձագանքելու Թրամփի նման պահվածքին։
«Թրամփի համար չկա սահման, նա ունակ է բանավեճի մակարդակն իջեցնել ու իջեցնել», - պատասխանել է Հարիսը
Հարիսի նախագահությունը սպառնալիք է երկրի անվտանգության համար, Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։ Երկու կողմերից հնչող այս մեղադրանքների ֆոնին ABC News-ը այսօր երեկոյան 1,5 ժամ հնարավորություն կտա նախագահի դեմոկրատ ու հանրապետական թեկնածուներին ցույց տալ ոչ միայն ինչպես են պատկերացնում Ամերիկայի ապագան, այլ նաև ինչպես են կարողանալու համոզել ընտրողներին, որ հենց այդպիսի ապագայի կարիքն այսօր նրանք ունեն։